ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Բաքվի հետ դեռ նախապատերազմական գաղտնի պայմանավորվածության ձևակերպումն է դա այսօր»․ Հայկ Մարտիրոսյան
21:48, 23.05.2022 | mamul.am
3645 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Տեղի է ունենում շատ պարզ բան. Բրյուսելում ընդունվում է պաշտոնական Երևանի պահանջը, որ ձևակերպված է որպես համաձայնություն Բաքվին` Արցախի հարցը չդիտարկել որպես տարածքային հարց, Հայաստանի տարածքային ամբողջականության հարց, անգամ՝ հայերի շահերին վնասող ու ոչ շահեկան, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանի կազմից դուրս լինելու ինքնորոշման հարց: Այլ համարել այն պարզապես Ադրբեջանի կազմում արցախցի հայերի «անվտանգ» բնակության հարց: Ընդամենը:

Այսինքն` մի բան, որ ինքնին անհեթեթ է: Ադրբեջանի կազմում ոչ մի գիտակից հայ արցախյան հողի վրա չի կարող ապրել: Չի ապրելու: Ինչպիսին էլ որ լինեն երաշխիքները: Երաշխիքների այդ գինը հայ ժողովուրդը լավ գիտե, որքան էլ որ հիմա լուռ հետևի իր սեփական գնդակահարության տեսարանին:

Երևանի` Բաքվի հետ դեռ նախապատերազմական գաղտնի պայմանավորվածության ձևակերպումն է դա այսօր: Եվ դարձյալ այսօր դա պաշտոնական Երևանի, այլ խոսքերով ասած` միջազգային հանրության աչքերում Հայաստանի պահանջն է: Եվ Եվրոպան չի կարող դրան դիմադրել և հայերից պահանջել, որ իրենք իրենց շահը պաշտպանեն:

ԱՄՆ դիրքորոշումը մի փոքր այլ է: Որպես համաշխարհային գերտերություն` Ամերիկան ուղղակի և ուղիղ շահեր ունի Հայաստանում և Արցախի հարցը ռուս-թուրքական սցենարով լուծելը նրա համար, մեղմ ասած, այնքան էլ ընդունելի չէ: Բայց անգամ ԱՄՆ-ը չի կարող հակառակել և ընդդիմանալ նրան, ինչ ուզում, անգամ պահանջում է Հայաստանը: Իսկ Հայաստանը պահանջում է ինքնաոչնչացվել` առայժմ հիմնականում Արցախի հատվածում:

Եվ ակնհայտ է, որ հիմա փրփուրը բերաններին Եվրոպային հայհոյելու են կեղծ հայրենասերները՝ նախկիններն ու նրանց տրիբունները: Ինչպես նաև չմտածողները:

Եվ ոչ ոք, ոչ ոք այդպես էլ չի հանդգնի ասել, որ հայ ժողովուրդն ստանում է այն, ինչ հանդուրժում է: Որ վերընտրելով, հանդուրժելով ու հիմա անկյանք հետևելով այս խայտառակությանը՝ ինքն է իրեն կործանման ուղարկողների իր ռեժիմին սեփական մահապատժի գնդակը մատուցում:

Եվրոպան անում է այն, ինչ իրենից պահանջում է Հայաստանը: Եվրոպան ընդամենը համաձայնում է նրան, ինչին իր լռությամբ և անգործությամբ հայ ժողովուրդն է համաձայնել և ընդառաջ է գնում նրան, ինչը հայ ժողովուրդը համարում է իր համար ընդունելի:

Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ լռությունն իրոք համաձայնության նշան է: Գիտակցի դա լռողը, թե ոչ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր