ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ինչպիսի ծիսա-պաշտամունքային հուշարձաններ էին կառուցում մեր նախնիները». Խ. Սիրեկանյան
00:36, 24.05.2022 | mamul.am
3523 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի ծիսա-պաշտամունքային հուշարձաններ էին կառուցում մեր նախնիները հազարավոր տարիներ առաջ:
Մեգալիթյան կառույցներ
Դրանք դամբարանային, մեմորիալ կամ պաշտամունքային հնագույն կառույցներ են, կատարված անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ քարերից։
Մեգալիթյան կառույցները վերաբերվում են հիմնականում էնեոլիթին և բրոնզե դարին, տարածված են աշխարհով մեկ:
Լայն տարածում ունի նաև Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում: ՀՀ-ում շատ կան մեգալիթյան հուշարձաններ և օր օրի պեղումների արդյունքում շատանում են»:

Կրոմլեխ

Նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ է։ Սովորաբար բաղկացած են խոշոր ( մինչև 5-7 մ բարձրության), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող՝ առանձին կանգնած քարերից։ Շրջանի կենտրոնում երբեմն լինում է դոլմեն կամ մենհիր։ Հաճախ դեպի կրոմլեխ տանում են երկու կողմից մենհիրներով շրջապատված պողոտաներ։ Կրոմլեխները պեղելիս գտնվել են քարե գործիքներ, կմախքներ և խեցեղեն։ Կրոմլեխները տարածված են Եվրոպայում, Անդրկովկասում, հանդիպում են նաև Ասիայում և Ամերիկայում։ Ենթադրվում է, որ կրոմլեխները ծառայել են թաղման կամ կրոնական արարողությունների համար։ Այլ տեսակետի համաձայն դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են։
Վիշապաքար
Մեգալիթյան հուշարձան, քարակոթող, որի նմուշները հայտնաբերվել են միայն Հայկական լեռնաշխարհում։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում
Դոլմեն
Հնագույն դամբարանային կառույց է։ Կառուցված են վիթխարի քարերից մինչև մի քանի տոննա։ Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով։ Դոլմենը առաջին ճարտարապետական կառույցներից է։ Դոլմեններում սովորաբար թաղվել է մեկ, կամ մի քանի աճյուն՝ քարե կամ բրոնզի զենքերի հետ։ Որոշ դեպքերում օգտագործվել են թաղման նպատակով տասնամյակներ, և երբեմն էլ մի ամբողջ դար։ Ենթադրվում է որ դոլմենները կառուցվել են տոհմավագների հուղարկավորության համար։ Հայաստանում դոլմեններ կան Աշտարակում, Արթիկի Հառիճ գյուղում, Տավուշում։
Մենհիր
Նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված նախնյաց հիշատակին։ Մենհիրները ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկա քարեր են 3-ից 20 մ բարձրությամբ, մինչև 300 տ. քաշով։ Հանդիպում են հաճախ մեզոլիթային այլ հուշարձանների՝ դոլմենների և կրոմլեխների հետ։ Մենհիրները տարածված են Անդրկովկասում, Արևմտյան Եվրոպայում՝ Միջերկրական ծովի ափին և Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջանում։ Նշանավոր է Ֆրանսիայում՝ Բրետանի հուշարձանախումբը, որտեղ մի քանի հազար մենհիրներ են դրված, մեծ մասամբ ուղղաձիգ շարքերով։ Հայաստանում մենհիրներ կան հիմնականում Արագածի լանջերին, Շիրակում և Զանգեզուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր