ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Շուտափույթ կերպով Հայաստանում դեսովետիֆիկացիա և դեռուսիֆիկացիա պիտի արվի». Թ. Ալեքսանյան
23:42, 26.05.2022 | mamul.am
3243 | 4

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ինչպես ասում են, նախ և առաջ սիմվոլներով են իշխում, այլ ոչ թե փողով կամ զենքով:
Հուշարձանները՝ որպես ինչ-որ գաղափարների սիմվոլներ, շատ կարևոր ֆունկցիա ունեն, հիմա եթե նայենք Երևանում ու մեր երկրի մյուս քաղաքներում և գյուղերում կանգնեցված հուշարձաններին, ապա կհասկանանք, որ պետություն այստեղ գոյություն չունի, քանի որ կան այնպիսի հուշարձաններ, որոնք կարծես թե մեր հայկական պետականությունը խորհրդանշող հուշարձաններ են, սակայն դրանց կողքին կան նաև այնպիսի հուշարձաններ, որոնք մեր այդ նույն պետականությունը կտրականապես բացառող նշանակություն ունեն:
Առաջին խմբի մեջ են մտնում մեր ազգային ազատագրական շարժման ու պետականության կայացման գործում ներդրում ունեցող մարդկանց արձանները (Գևորգ Չաուշ, Անդրանիկ, Նժդեհ, Արամ Մանուկյան և այլն), իսկ մյուս խմբի մեջ են մտնում մեր ազգային պետականությունը ապրիորի բացառող ռուսական մեծապետական իդեալներին հսկայական ծառայություն մատուցած մարդկանց արձանները, որոնք հիմա ռուսական պետության կողմից օգտագործվում են քաղաքական նկատառումներով՝ որպես ռուսական կայսերականության գաղափարը մեր վզին փաթաթելու գործիք, այդպիսի արձանների խմբին են պատկանում օրինակ ԽՍՀՄ հայազգի բարձրաստիճան զինվորականների հուշարձանները. ես այդ մարշալների, ծովակալների ու գեներալների դեմ ոչինչ չունեմ, ընդհակառակը հպարտանում եմ, որ մեր ժողովրդի ծոցից դուրս են եկել նման մարդիկ, բայց պիտի հասկանանք, որ չնայած իրենք հայեր են ու իրենցից շատերը նաև հայ ժողովրդին ու Հայաստանին նվիրված անհատներ են եղել, սակայն իրենք մերը չեն, մեր ազգային պետականության իդեալներին համապատասխանող սիմվոլներ չեն ու ներկա ժամանակահատվածում, եթե մենք իսկապես ուզում ենք մեր պետությունը ունենալ, ապա պիտի հասկանանք, որ մեր երկրում իրենց հերոսացումը անթույլատրելի է, քանի որ իրենց հերոսացնելով՝ մենք մեզ դնում են այն արժեհամակարգի մեջ, համաձայն որի, մենք ընդամենը ռուսական ինչ-որ սուբկուլտուրա ենք, այլ ոչ թե կայացած ու պետականություն կրող ազգ: Մարշալ Ռակասովսկուն լեհերի մեծ մասը, ըստ երևույթին, սիրում են, սակայն նրան Լեհաստանում չեն մեծարում, սիմվոլ չեն դարձնում, որովհետև նա ԽՍՀՄ-ի մարշալն էր, այլ ոչ թե Լեհաստանի:
Կան նաև ռուս գրողների արձաններ Երևանում, նրանց անուններով դպրոցներ կան, փողոցներ կան ու այդպես շարունակ, ռուս հեղափոխականների, պետական գործիչների անուններով նույնպես փողոցներ ու էլի շատ բաներ կան, այդ ամենի վերջը պիտի տրվի, դա չի կարելի, հատկապես հիմա, երբ Ռուսաստանը այդ ամենը օգտագործում է իր մեծապետական շովինիզմը մեր ժողովրդին պարտադրելու նպատակով:
Մի խոսքով շուտափույթ կերպով Հայաստանում դեսովետիֆիկացիա և դեռուսիֆիկացիա պիտի արվի, քանի դեռ նրանք մեզ դենացիֆիկացիայի (ապահայկականացման) չեն ենթարկել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր