ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին. «Հրապարակ»
09:00, 27.05.2022 | mamul.am
6252 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։

Ինչպես հայտնի է, ներկայիս ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի առաջին իսկ օրվանից իշխանականներն ու նրանց քարոզչամեքենան շրջանառության մեջ են դրել այն վարկածը, թե նախկինները փողով են ցուցարարներին փողոց հանում։ Այս ընթացքում բազում անհաջող, բեմադրված սցենարներով տեսանյութեր պատրաստեցին, որոնցում իբր միտինգի մասնակիցները, իրականում՝ իշխանության մարդիկ, խոստովանում են, թե այսինչ պատգամավորը կամ նախկին պաշտոնյան է փող տվել, որ գան միտինգի։ Սկսեցին հին տեսանյութեր պտտեցնել, սադրիչներին ուղարկել ընդդիմադիրների մոտ, որ փողի թեման բացեն, ձայնագրեն և քրգործեր հարուցելու հիմք ունենան, ինչպես արվեց Ավետիք Չալաբյանի դեպքում:

Հիմա Նիկոլ Փաշինյանին անձնուրաց ծառայող Քյարամյանը, հավանաբար, որոշել է օրենքում նման արհեստածին փոփոխությամբ յուրային մատնիչների միջոցով ցուցմունքներ կորզել այս կամ այն ընդդիմադիրի վրա և նրանց քրեական պատասխանատվության ենթարկել։ Վերոնշյալ արարքի համար առաջարկում են պատժել տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նախագծի հեղինակները փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում են հետևյալով, որ եթե օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանվում է, որ «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը դիտվում է որպես հանցանքի եղանակ, որով ներգործություն է կիրառվում անձի ազատ կամարտահայտության վրա», ապա «Ակնհայտ է, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով անձին նյութապես շահագրգռելը պակաս վտանգավոր եղանակ չէ անձի ազատ կամարտահայտության վրա ներգործելու համար»:

«Այսպիսով, նախագծի մշակման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու արդյունքում խաթարվելու է հասարակական հարաբերությունների բնույթը, որը ևս ունի հասարակական վտանգավորության մեծ աստիճան: Իրավական որոշակիությունն ապահովելու և իրավակիրառ․․․ Բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկվում է նոր օրենսգրքի 236-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ մասում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվության սահմանումը»,- նշված է նախագծի հիմնավորումների բաժնում:

Ի դեպ, նման փոփոխությունն ընդամենը իրավական անգրագիտություն է, որովհետև օրենքն արդեն իսկ նախատեսել է «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու» համար պատիժ, իսկ դա կարվի նյութական շահագրգռման, թե որևէ այլ ճանապարհով, ընդամենը հանցագործության եղանակն է, որը մանրամասնելու կարիք բոլորովին չկա: Նույնն է, որ մի հոդված էլ մտցնեն` «վերադասի կողմից հավաքին մասնակցելու հարկադրանքի» մասին»:

Մանրամասները՝ թերթի համարոում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր