ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ցանկացած քաղաքական պայքար ենթադրում է կաբինետային աշխատանք». Ստեփան Դանիելյան
18:12, 27.05.2022 | mamul.am
3017 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ցանկացած քաղաքական պայքար հիմնվում է պրոպագանդայի վրա:

Պրոպագանդան կարող է լինել սև, կարող է լինել սպիտակ, բայց առանց դրա չկա քաղաքական կյանք, ու պետություն էլ չկա: Մեր 30 տարվա քաղաքական կյանքը վկա, երբ 2018-ին մի խումբ արկածախնդիրներ, որոնք, լինենք անկեղծ, իրենցից առանձնապես ոչինչ չներկայացնելով, վերցրեցին իշխանությունը, որովհետև այդ ժամանակվա գործող իշխանությունը չուներ պրոպագանդա, այսինքն՝ չուներ կապ հասարակության հետ:

Հիմա անդրադառնանք օրվա խնդրին, որոնք են պրոպագանդայի հիմնական հնարաքները:

1. Սև-սպիտակ

Ցանկացած նորմալ համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը գիտի, որ ցանկացած պայքարի ժամանակ պետք է լինի սև-սպիտակի բաժանում, այսինքն՝ հակառակորդին պետք է ներկայացնել որպես սև ուժ, իսկ իրենք ներկայանան որպես սպիտակ, ինչը 2018-ին քայլողներին հաջողվեց, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հենց դրա վրա էլ կառուցեցին ընտրությունները:

Հիմիկվա ընդդիմությանը չի հաջողվում գործող իշխանությունը ներկայացնել որպես միակ սև։ Քայլածները գործող ընդդիմությանը ներկայացնում են որպես սև՝ թալանչիներ, ընդդիմությունն իշխանությանը նույնպես սև՝ դավաճաններ: Այսինքն՝ բաժանումը սևի ու սևի միջև է։

Նախկին սպիտակները հաջողությամբ վերածվել են սևի, իսկ սևերը մնացել են սև։ Սպիտակի տեղը մնացել է դատարկ ու դրա համար հանրության մեծ մասը մնում է պասիվ:

2. Պատերազմ, թե խաղաղություն

Քայլածների պրոպագանդայի մյուս ձիուկը, որի վրա հեծնել են, դա իրենց խաղաղությանն ընդդիմության պատերազմի այլընտրանքն է՝ «պարտությունը խաղաղություն է»,

«չպարտվելու ձգտումը՝ պատերազմ։ Այս բանաձևն Օրուելին պետք է հուշել, որ ավելացնի իր հայտնի «1984» գրքում: Սա գործող իշխանության պրոպագանդայի մյուս հնարքն է, ինչը մարդկանց ուղեղների վրա ունի ազդեցություն: 90-ական թվականներին նման մի պետական գործիչ կար, ով ասում էր, որ մեզ բանակ պետք չի, «մեր ուժը մեր թուլության մեջ է»:

Հիմա վերադարձել ենք այդ կարգախոսին:

3. Բացատրության փոխարեն հարձակում, հասկացությունների փոխատեղում

Գործող վարչապետը ոչ մի մեղադրանքի, ըստ էության, չի պատասխանում, ցանկացած մեղադրանքի ժամանակ սկսում է հարձակվել «նախկինների» վրա՝ հասկացություններն ու դեպքերն այլափոխելով ու խեղաթյուրելով: Դա պրոպագանդայի հայտնի հնարքներից է, ինչն իրեն լավ հաջողվում է: Եթե նախկինները վատն են, ապա դա իր պարտության ու սխալների արդարացում չէ: Ամեն մեկն իր արածի համար է պատասխանատու, սակայն հանրությունը նման պարզ փաստերով չի դատում:

Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց դա չի իմ նպատակը, ուղղակի ցանկանում էի ասել, որ ցանկացած քաղաքական պայքար ենթադրում է կաբինետային աշխատանք՝ ստրատեգիայի, տակտիկայի ու մեթոդաբանության մշակում, այսինքն՝ փաստաթղթերի հետ աշխատանք ու մի քանի լավ դերասան-կատարող առաջին պլանում:

Մոռացա ասեմ՝ կարգախոսների մշակումը հատուկ մասնագիտություն է, գործի կեսից ավելին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր