ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Շահումյանի շրջանի ճակատագիրն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է». ԱՀ ՄԻՊ
17:12, 13.06.2022 | mamul.am
7557 | 0

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. «30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհայտ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։
«Հայերի տները բաժանել էին, և ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»,- պատմում են ականատեսները:
Շահումյանցիների նկատմամբ իրականացված հանցագործությունները նրանց՝ ազատ կամարտահայտման և սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը «պատժելու» գործողություն էր։
Էթնիկ-կրոնական պատկանելիության հիմքով հայրենազրկված շահումյանցիների նկատմամբ արդարության և նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց, նրանց նկատմամբ իրականացված հանցագործությունների համար ադրբեջանական իշխանությունները այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին՝ այդ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։
Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր