ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանը երեք հիմնական խորհրդանիշ ունի»․ Արմեն Դուլյան
01:06, 26.06.2022 | mamul.am
4738 | 1

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայկական ծիրանը դժխո է, մնացածը՝ նաժիշտ
Հայաստանը երեք հիմնական խորհրդանիշ ունի՝ Արարատ լեռը, նուռը և, իհարկե, ծիրանը։ Հո պատահական չէ՞, որ լատիներեն ծիրանը այդպես էլ կոչվում է՝ prunus Armeniaca։ Շատերը պնդում են, թե հենց Հայաստանն է ծիրանի հայրենիքը։ Ճիշտ է, որոշ մասնագետներ համոզված են, որ այդ բույսը Արարատյան դաշտավայր է հասել Չինաստանից կամ Հնդկաստանից։ Իսկ հայ գրող Հայկ Խաչատյանը իր «Սոսյաց անտառ» վիպակում գրում է. «Զրույցն ասում է։ Մեծ ջրհեղեղից հետո, երբ ցամաքն սկսեց ուրվագծվել Մասիսի կատարից, Նոյը տապանի այս ունջը նայեց, այն ունջը նայեց, չգտավ հետը վերցրած ծիրանի կորիզը։ Տապանի ճեղքից էր ընկել, թե ինչպես, ծիրանի կորիզը մնաց Մասիսի վրա, ծիլ տվեց և արմատակալելով դարձավ ծիրանենի»։
Հիմա արդեն, իհարկե, ծիրանը աշխարհի տարբեր երկրներում է աճում, նույնիսկ երբ ապրում էի Չեխիայում, մեր տան դիմացի հողամասում ընկույզի ու կեռասի ծառերի կողքին մի ծիրանենի կար, իրենց լեզվով՝ մերունկա։ Հայկ Խաչատրյանն այսպես է նկարագրում ծիրանի տարածումը աշխարհով մեկ. «Հայոց Տիգրան Մեծ թագավորի գահակալության ժամանակ հռոմեական զորավար Լուկուլլոսն իր բանակով Հայաստան էր խուժել և ուզում էր նվաճել երկիրը։ Մեր թվականությունից առաջ 68 թվականին տեղի ունեցավ Արածանիի նշանավոր ճակատամարտը, որտեղ հայերը Տիգրան Ծիրանակիրի գլխավորությամբ ջարդեցին Լուկուլլոսին ու նրա լեգեոնականներին։ Բայց հռոմեացիները ձեռնունայն չհեռացան Հայաստանից։ Լուկուլլոսի հրամանով նահանջող լեգեոնականները որպես ավար, իրենց գրպանները լցրին ծիրանի կորիզներով և հետները հասցրին Հռոմ։ Շատ չանցած Հռոմում ու նրա շրջակայքում մի քանի ծիրանուտներ կանաչեցին։ Այստեղից էլ ծիրանը տարածվեց մոտ ու հեռավոր երկրները։ 18-րդ դարում էլ հասավ Ամերիկա», պատմել է գրողը։
Հիմա ողջ Եվրոպան հիմնականում իտալական ծիրան է ուտում։ Այն աճում է գաճաճ ծառերի վրա, հավաքելը շատ հեշտ է, պտուղն էլ բավական կոշտ է և երկար է դիմանում։ Բայց մի գլխավոր թերություն ունի՝ անհամ է։ Իսկ օտարերկրյա զբոսաշրջիկները, որոնք գեթ մեկ անգամ ըմբոշխնել են ծիրանը Երևանում, խոստովանում են, որ այդքան համեղ ծիրան աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա։ Իզուր չեն ասում՝ հայկական ծիրանը դժխո է, մնացածը՝ նաժիշտ։ Այսինքն՝ Հայաստանի ծիրանը թագուհի է, մյուս վայրերում աճածները՝ աղախիններ են։ Բայց հայկական դժկուհին նաև շատ նուրբ է ու պահանջկոտ։ Բավական է ծառը գարնան կեսին գոնե մի գիշեր ցրտահարվի, ընդհանրապես բերք չի տա։ Գյուղացիները դա շատ լավ գիտեն, հենց առաջին ահազանգի դեպքում գիշերները ծիրանի այգիներում խարույկներ են վառում, ծխով պատում ծառերը, որ հանկարծ չմրսեն։ Եթե հայաստանցիների բախտը բերի ու այդ տարի ոչ կարկուտ լինի, ոչ էլ ցրտահարություն, բերքը շատ առատ կլինի, բայց դա էլ մի մեծ պրոբլեմ է, որովհետև շատ արագ պիտի հավաքես ու հասցնես վաճառել ծիրանը, թե չէ կսկսի փչանալ, գինն էլ օրեցօր կնվազի այնքան, որ գյուղացին եկամուտ չի ստանա։
Հիշում եմ, մի տարի այնքան շատ էր ծիրանը, որ այն վաճառում էին Երևանի բոլոր փողոցներում, հենց մայթերին, գինն էլ այնքան ծիծաղելի էր՝ մեկ կիլոգրամը ընդամենը 60 դրամ, որ արտասահմանցի հյուրերը պարզապես զարմացած ասում էին՝ ախր այդ հրաշքը մեզ մոտ 15 եվրոյով էլ չես գնի։ Իսկ քաղաքացու համար, իհարկե, իսկական տոն էր՝ կեր որքան ուզես, ինչպես Սովետում էին ասում՝ համարյա ջրի գին։ Չեք պատկերացնի, բայց նույնիսկ մեր ֆուտբոլի հավաքականի վրա էր ազդել ծիրանը՝ հերթական պարտությունից հետո այն ժամանակվա գլխավոր մարզիչը խոստովանեց. բա ինչ էիք ուզում՝ ամբողջ օրը խաղացողները նստած ծիրան են ուտում, դրա համար էլ այդքան դանդաղ են վազում։
Դա, իհարկե, վաղուց էր, երբ ծիրանը գրեթե չէր արտահանվում Հայաստանից։ Հիմա արտահանվում է՝ հիմնականում Ռուսաստան։ Մի անգամ նույնիսկ հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին, որը կյանքից հեռացավ մի քանի շաբաթ առաջ, գնացել էր Մոսկվայի շուկաներից մեկը, միանգամից 5 կիլոգրամ հայկական ծիրան էր գնել ու ասել լրագրողներին. «Գիտե՞ք՝ ինչու եմ միշտ հայկական ծիրան գնում։ Որովհետև դա հայերի հարստությունն է, աչքի լույսի պես են պահպանում, երբեք քիմիական պարարտանյութ չեն օգտագործում, դրա համար էլ այդքան առողջարար է»։
Իսկապես, դեռ հնուց ասում էին, թե հայկական ծիրանը միանգամից 12 հիվանդություն է բուժում։ Քաղցր է, բայց նույնիսկ շաքարախտով տառապողներին բժիշկները չեն արգելում։Իսկ երազահաններից մեկում էլ կարդացի. «Երազում տեսած ծիրանը նախանշում է հաղթանակ, մրցանակ, ուրախություն: Ծիրան վաճառելն էլ երազում նշանակում է շահույթ և հաջողություն բիզնեսում»։ Ի դեպ, այս օրերին, երբ Հայաստանի հարավում հասել է ծիրանը, իսկապես կարող եք շահույթ ստանալ։ Արարատի շրջանի ֆերմերներն, օրինակ, բոլորին հրավիրում են՝ եկեք օգնեք ծիրանը հավաքենք, համ ձեր ճանապարհի և ընդմիջման ծախսերը կփակենք, համ էլ օրական 10 հազար դրամ կստանաք։
Իսկ ծիրանի ծառ բարձրանալը կհիշեք ձեր ողջ կյանքում։ Ինչպես ժամանակին գրել է հայտնի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին. «Վերջերս միտքս կլանված է Հայաստանի ծիրանների բուրմունքով, որ թեև աշխատանոցիս մեջ չկան, բայց ես հոտոտում եմ իմ ուղեղով այնքան վստահ, որքան երբ մագլցում էի մեր այգու ծառերը»»։

Աղբյուրը` Արմեն Դուլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր