ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տղերքն ասացին՝ 7 ժամ է տևել Ջհանգիրյանի օպերացիան». Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»
09:00, 28.06.2022 | mamul.am
4400 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ պարզվեց, որ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության հերոս Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի և վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց նրան փոխարինելու գնացած ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը, որը չգիտեր՝ արդեն վիրահատե՞լ են, թե՞ դեռ պիտի վիրահատեն Ջհանգիրյանին։ Դրանից հետո մամուլում արագ տեղեկություն տարածվեց, թե Ջհանգիրյանը, իրականում, գնացել է վիրահատության, որպեսզի հետո «վատառողջ լինելու հիմքով» հրաժարական տա և դուրս գա ԲԴԽ-ից։

ԲԴԽ-ից երեկ չէին ասում, թե որ հիվանդանոցում է Ջհանգիրյանը, ինչ առողջական խնդիր ունի, ինչն են վիրահատել, ասում էին՝ բժշկական գաղտնիք է։ Մենք, սակայն, պարզեցինք, որ Գագիկ Ջհանգիրյանի մոտ ողնաշարի ճողվածք՝ «գրիժա» կա, նոր բան չէ, և նրա վիրահատությունը վաղուցվանից էր ծրագրված: Նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ավելին, նրան հիվանդանոցում տեսել են ՀԱԿ անդամ, Ջհանգիրյանի երբեմնի թիմակից ու մտերիմ Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի հետ, և մարդկանց թվացել է, թե Հակոբյանն է ուղեկցում Ջհանգիրյանին։

Մենք զանգահարեցինք Հակոբ Հակոբյանին՝ հասկանալու, թե ինչպես է անցել վիրահատությունը, ինչ կարող է ասել Գագիկ Ջհանգիրյանի առողջական վիճակի մասին և ինչու է հենց ինքն ուղեկցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին։ Բայց պարզվեց՝ չի ուղեկցել, այլ իր առողջական խնդիրներով դիմել է «Արմենիա» ԲԿ, և այնպես է ստացվել, որ Ջհանգիրյանի հետ միաժամանակ է հետազոտություն անցել, հիմա էլ կողք-կողքի պալատներում պառկած են։
Մեր հարցին Լեդի Հակոբն արձագանքեց. «Հիվանդանոցում եմ, մեջքս բռնվել ա՝ պառկած եմ»։ Հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանից տեղեկություն ունե՞ք, վիրահատե՞լ են արդեն, ինչպե՞ս է նրա վիճակը, պատասխանել է. «Նոր տղերքն ասացին՝ հենց նոր են բերել պալատ, յոթ ժամ է տևել օպերացիան, ինչ ա եղել, տենց լսել եմ, հաստատ չգիտեմ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր