ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ակնարկել են «Զանգեզուրի միջանցքի» համակողմանի կարևորության մասին»․ Արմեն Պետրոսյան
14:54, 28.06.2022 | mamul.am
2960 | 0

Արևելագետ Արմեն Պետրոսյանը գրում է. ««Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
Հունիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպումը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:
Ըստ էության ստեղծվող նոր ձևաչափը, որը կարող է նաև ընդլայնման միտումներ դրսևորել, բազմավեկտոր նշանակություն ունի։ Առաջին հերթին ընդունված հռչակագիրը հերթական անգամ ամրագրում է տարածաշրջանային բազմաբնույթ հանգույցի վերածվելու Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հայտնի նպատակները։ Մյուս կողմից, հատկապես Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի ներուժի ավելացման նպատակի շեշտադրմամբ թուրք-ադրբեջանական կողմերը նշված և նմանաբովանդակ այլ ձևաչափերը փորձելու են օգտագործել այս պահին իրենց օրակարգում եղած ամենակարևոր ռազմավարական խնդրի՝ Հայաստանի տարածքով ճանապարհի կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Ընդ որում, նման գործելաոճը կիրառվելու է նշված ճանապարհը բացառապես «միջանցքային տրամաբանությամբ» ստանալու նպատակով, իսկ այլ դերակատարների ներգրավման եղանակը երկրորդական հարթությունում կիրառվելու է որպես Երևանին խրախուսելու/ճնշելու հավելյալ միջոց։
Հարկ է նշել, որ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին արդեն իսկ ակնարկել են «Զանգեզուրի միջանցքի» համակողմանի կարևորության մասին։
Վերոնշյալի համատեքստում պարզ է դառնում, որ Բաքուն Անկարայի հետ սերտ համագործակցությամբ մանևրի նոր միջոցներ է ստեղծում՝ հիմնական շահագրգիռ դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, արևմտյան որոշ երկրների դիրքորոշումների վրա ազդելու հեռանկարով։ Ընդ որում, նման մարտավարությունը երկակի նպատակ ունի։ Եթե չհաջողի դիվանագիտական-քաղաքական եղանակով «միջանցքի» ծրագրի իրականացմանը, ապա ադրբեջանական կողմը, գործիքակազմում պահելով խնդրի լուծման ռազմական տարբերակը ևս, խնդիրը մշտապես օրակարգում պահելով, թեմատիկ անընդհատ հայտարարություններով ձգտում է որոշակի լեգիտիմության ֆոն ստեղծել ցանկացած եղանակով դրա իրականացման համար։ Իսկ նման սցենարը չի կարելի բացառել հատկապես ուկրաինական ճգնաժամի առավել խորացման դեպքում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր