ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը. «Հրապարակ»
09:09, 29.06.2022 | mamul.am
7292 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր նախօրեի ասուլիսին, որը 50-ից ավելի լրատվամիջոց բոյկոտել էր, հերթական անգամ հատելով բոլոր կարմիր գծերը, անդրադարձավ մամուլին ու լրագրողներին։ Մեղադրեց խմբագիրներին նախկինների թալանի «փայատեր» լինելու համար, մի պատմություն պատմեց թերթերից մեկի գույքն ԱԱԾ-ին պատկանելու մասին, ծաղրեց խմբագիրներին, որոնց մի մասը 63 տարի խմբագիր է աշխատում։

Թվում էր, թե գոնե իր նախկին գործընկերների նկատմամբ մի կես գրամ բարոյականություն պետք է ցուցաբերեր և էթիկայի կանոնները չխախտեր, քանի որ այդ նույն գործընկերները կարող են հազար ու մի պատմություններ հիշել, թե ինչպես է նա պահել իր թերթը և համագործակցել տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների հետ:
Ասենք, օրինակ, կարող էին հիշեցնել, թե ինչպես են նախկին իշխանությունները՝ 1998 թվականից սկսած, երբ Աշոտ Բլեյանի հետ հիմնադրեց «Օրագիր» թերթը, որը հետո դարձավ «Հայկական ժամանակ», ամեն հարցում օժանդակել նրան։ Ով է նրան աջակցել և ինչպես:

Ասենք, օրինակ, կարող են հիշեցնել, որ 1998-ին թերթի հիմնադրման հարցում կարևոր դերակատարում է ունեցել ներքին գործերի նախկին նախարար, ապա Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Խմբագրության տարածքը, որը գտնվում էր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասում, Աշոտ Բլեյանի տարածքն էր, բայց հետո ՀՀՇ-ական ու հետհհշական իշխանությունների թեթև ձեռքով այն դարձավ Նիկոլի անձնական սեփականությունը:

«Օրագիրը», որը տպագրվեց մինչև 1999 թվականը և դատական պրոցեսների արդյունքում` Սերժ Սարգսյանի ձեռքով արգելվեց, Նիկոլ Փաշինյանը գտավ չհրապարակվող մի թերթ` «Հայկական ժամանակը», և դրա փաստաթղթերը վերցնելով, դարձրեց իրենը: Իսկ «ՀԺ»-ն ժամանակին պատկանում էր Էդվարդ Եգորյանին, Պետրոս Մակեյանին և մի խումբ մարդկանց, խմբագիրն էլ քոչարյանական թիմի ներկայացուցիչ Երվանդ Բոզոյանն էր:

«ՀԺ»-ի հիմնադիրները սիրահոժար հրաժարվեցին իրենց փայաբաժիններից, Փաշինյանը թողեց միայն Պետրոս Մակեյանին, ով այսօր դաժանաբար քննադատում է նրան` սխալ պահվածքի և ընկերներին դավաճանելու համար: Այս փոփոխության արդյունքում ընկերների ու թերթի հիմնադիրների թվից դուրս է թողնվում Աշոտ Բլեյանը, որն ամեն ինչ արել էր, որ 98-ի նախագահական ընտրություններում իր շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սեփական թերթն ունենա:

Դժվար ժամանակներ էին` թերթը եկամուտ չէր բերում, հայտնի չէր, գովազդ, որպես այդպիսին, չկար` միակ ձևը բարեգործների հետ հույս կապելն էր. Վանո Սիրադեղյան, Խաչատուր Սուքիասյան, Անդրանիկ Մանուկյան, հետագայում` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան և շատ ուրիշներ:

Այդ ընթացքում իր ճարպկության և հարաբերություններ կառուցելու, տեղն եկած տեղը` «բոչկա գլորելու» շնորհիվ թերթը կայացնում է, անգամ կարողանում է պետական տարածքում գտնվող խմբագրության մի սենյակն ընդլայնել` վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդառաջում է և խմբագրությանը հարակից սենյակն էլ է նրան տալիս: Ընդ որում, տարիներ շարունակ ո՛չ գույքահարկ, ո՛չ վարձավճար «ՀԺ»-ն չի վճարել։

Ավելի ուշ, երբ ՀՀԿ կարկառուն «թալանչիներից» Գագիկ Բեգլարյանը դառնում է Երևանի քաղաքապետ, նա ևս օգնում է Նիկոլին տարածքի սեփականաշնորհման հարցում։ Հիմա, ճիշտ է` թերթը չի տպագրվում, կայքում էլ մի քանի հոգի են աշխատում, բայց քաղաքի կենտրոնում թանկ սեփականություն է` անշարժ գույք, որը երևի Մարիամիկի օժիտն է լինելու։

Բազմաթիվ այլ դրվագներ էլ կարող են հիշեցնել իր գործընկեր խմբագիրները Նիկոլ Փաշինյանին, որոնցից մեկի մասին հրապարակավ հայտարարեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, թե ինչպես է շանտաժով իրենից գումար կորզել, և ինչպես են տարիներ շարունակ Արման Սահակյանին պատկանող «Պրես ստենդ» ընկերության հետ «Հայկական ժամանակ» օրաթերթի անվերադարձ վաճառքի պայմանագիր ունեցել։

Նիկոլ Փաշինյան խմբագրի եւ «ՀԺ»-ի ստեղծման մասին փորձեցինք զրուցել Փաշինյանի երբեմնի ընկեր Աշոտ Բլեյանի հետ։ Սակայն նա, լսելով մեր հարցը, սարսափած հայտարարեց, որ ինքը 1999-ին նստել է բերդում և ելնելուց հետո հիշողության կորուստ է ունեցել. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ 1999-ին, երբ գործուղում գնացի քրեակատարողական հիմնարկ, դրանից հետո իմ ուղեղում հիշողության մի հատ մեծ արխիվ ջնջվել ա, և ես լիքը բաներ հիշում եմ շատ պայմանական»։ Պայմանականն էլ բավարար է։ «Ես ճշգրիտ մարդ եմ, ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ և չեմ խուսափում պատասխաններից։ Եթե ես չեմ ուզում պատասխանել, ես ասում եմ՝ չեմ ուզում պատասխանել»,- ասաց Բլեյանը` նորից հիշողության կորստի մասին նշելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր