ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Դուք մարդասիրության կանոնները գիտե՞ք»․ Նարինե Կիրակոսյան
10:42, 30.06.2022 | mamul.am
3508 | 0

Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյակ պետք է լինի, որ ամբողջ համակարգը հիշեցնում է 1990-ականները, երբ մարդուն օգնություն ցուցաբերում են միայն գումարը վճարելուց հետո։
Երեկ հայրս շտապօգնության կարիք ունեցավ։ Զանգահարեցի 911, որովհետև այս համարն ավելի հասանելի է, քան շտապօգնությանը։ Մոտ 20 րոպեից եկան բժիշկները։ Բժիշկն ու քույրը շատ բարեհամբույր, համբերատար են եղել։ Բժիշկն էլ, ինչպես հետագա հետազոտությունները ցույց տվեցին, չափազանց բանիմաց էր, քանի որ հենց սկզբից ճիշտ ախտորոշեց։ Իսկ այդ եզրակացության հաստատումը եղավ մի քանի բարդ և, հասկանալի է՝ թանկարժեք հետազոտություններ անցնելուց հետո։ Մի խոսքով, շտապով տեղափոխեցին Հանրապետական «Արմենիա» բժշկական հիվանդանոց։ Այստեղ ճնշումը, սիրտը ստուգելուց հետո, թոքերի ռենտգեն արեցին։ Մի քանի պրոֆիլի բժիշկներ եկան ու հետո սկսվեց․․․
Մեզ ասացին, որ եթե հայրս պառկի, պետք է վճարումներ կատարել։ Հետո ասացին, որ հայրս, որպես շաքարային դիաբետի ու սրտի խնդիրներով հիվանդ, վաղուց պետք է հաշմանդամության կարգ ստացած լիներ, որպեսզի կարողանար օգտվել բուժօգնությունից՝ պետպատվերի շրջանակներում։ Այդ ամենը կազմակերպելու համար տեղամասային պոլիկլինիկայում պետք զգուշացնեին։ Սա չի արվել։ Թեպետ ես ինքս հարցրել եմ։
Ասեմ, որ ոչ «թշվառ ու դժգույն» ընտանիք ենք, ոչ էլ, ինչպես ժողվրդի մեջ են ասում, «բիրդան աղա»։ Բայց ամեն անգամ հիվանդանոց ընկնելուց պարզապես հայտնվում ենք ահռելի պարտքերի տակ։ Հետո բանկերի տոկոսներով այդ վարկերը մինչև մարում ենք, մեկ էլ մի նոր նման դեպք է լինում։
Ես գրեթե 30-տարի լրագրության մեջ առանձնահատուկ եմ լուսաբանել առողջապահության ոլորտը։ Բարձրացրել եմ բազմաթիվ խնդիրներ, այդ թվում այն անհրաժեշտությունը, որ պետք առաջնային օղակում ամբողջովին անվճար դարձնել բուժօգնությունը։ Չէ՞ որ պրոֆիլակտիկայից է կախված․ ունե՞ս աշխատունակ, առողջ բնակչություն, թե՞ բնակչությանը թողնում ես մենակ իր խնդիրների հետ և ունենում հիվանդ հասարակություն բոլոր իմաստներով։
Իսկ հիմա, մեր օրերում, այս վերջին տարիներին Կառավարությունը առողջապահության համակարգում զգալի կրճատել է պետպատվերը։ Հասարակ անալիզները պոլիկլինիկայում դարձրել են վճարովի։ Վիճակագրական տվյալները գործազրկության ու հիվանդացածությունների մասնաբաժնով իրատեսական չեն, անվստահելի են, կամ ընդհանրապես չկան։ Ու պետք չէ սա համավարակի, կամ պատերազմի հետ կապել, որովհետև այս գրառման մեջ այդքան երկար-բարակ չեմ թվարկելու, թե ի՛նչն այն չի։ Հոդված չեմ գրում, այլ ընդամենը գրառում՝ իմ գլխով անցածի մասին։
Ու, որ էլի երկար-բարակ չգրեմ, ասեմ, որ «Արմենիա» ԲԿ-ի բժիշկները լավն են, բայց իրենցից ոչինչ կախված չի։ Այդ անձնակազմը աշխատում է առանց արդի սարքավորումների, կիսատ-պռատ, սովետից մնացած պատերի մեջ։ Ու ոնց հասկացա, նախարարությունը կա՛մ այս ԲԿ-ին պետպատվեր չի իջեցնում, կա՛մ էլ այն խիստ սահմանափակ է։ Այլապես իմ թոշակառու հորը գոնե էն աշխարհ չճամփելու համար, կսկսեին անհրաժեշտ միջամտությունները։
Ես դատավոր չեմ ու հստակ գիտակցում են, որ մարդկանց վրա պետությունն է թքել, համապատասխան գերատեսչությունը ընկել է երրորդական խնդիրների հետևից (աղ-մաղ), բացարձակապես բաց թողնելով կարևոր ճյուղերը։ Իսկ կյանքը թելի վրա է, մարդիկ մեռնում են ու մարդկանց ափսոսող, կամ սրտացավորեն վերաբերվող չկա։ Հոգեբան էլ չկա այդ բուժհաստատություններում։ Փոքրիկ ղալմաղալ է լինում, միանգամից անվտանգության աշխատակիցներ են կանչում ու բռունցքներ ցույց տալիս հիվանդատերերին։ Դեռ մի բան էլ բողոքում, թե հիվանդատերերը էս բժշկին ծեծեցին, կամ էն բուժաշխատողին քրֆեցին։
Մեր պատմության վերջն այն եղավ, որ ես ամոթը թողած զանգեցի Շուշան Ունանյանին ու խնդրեցի հորս ընդունել Էրեբունի ԲԿ ում։ Աստված է վկա, որ չէի ցանկանում արդեն որերորդ անգամ ինձ հարազատ մարդկանց նեղություն տալ ու դիմել օգնության խնդրանքով, բայց ․․․ մի անգամ, երբ ԱրմԻնֆո լրատվական գործակալությունում էի աշխատում, Հարություն Քուշկյանը իմաստուն ու մնայուն բան ասաց։ Թե ի՞նչ ասաց, դա իմ ու Արտյոմ Մաքսիմիչի գաղտնիքն է։ Թույլ տվեք էս մի բանն էլ չասեմ։ Պարզապես, այս մարդը, չեմ վախենա ասել՝ բժշկության ասպարեզում հղկված բժիշկ ու առողջապահության ոլորտի կառավարիչ է, որ գլոբալ առումով իր պատկերացումները, իր մոտեցումները հարկավոր էր ներդնել ամբողջ Հանրապետությունում, ինչը որ նա ժամանակին փորձեց անել նախարար պաշտոնավարելու շրջանում։
Հա, բայց սա գովք չէ, կամ գովազդ, այլ փաստերի կոնստատացիա, երբ քաղաքական դաշտում ամեն ոք գալիս ու խոստանում է ոսկե սարեր, իսկ հետո գցում երկրին ու երկրի բնակիչներին երեք հարյուր տարի հետ․․․
Հավատացեք, դեռ մեղմ եմ գրել։ Ու հավատացեք, տիկին Անահիտ Ավանեսյան, նորից նույն հարցը կտայի․ Դուք մարդասիրության կանոնները գիտե՞ք։ Ա՛յ, հիմա էդ մարդասիրությունը չկա Ձեր ղեկավարած ոլորտում։ Սա էլ տեղյակ պահելու համար եմ գրում։ Այլապես ոչ մեկն էլ իրականությունը չի ներկայացնում։ Մարդիկ վախենում են բարձրաձայնել խնդիրները, որ հանկարծ իրենց հարազատի գլուխը չուտեն, ժամանակից շուտ։ Էսքան կորուստներից հետո բոլորս պետք է սեփական անձի էգոիզմը դեն նետենք ու սկսենք իրար նկատմամբ Մարդ լինել։
Շարունակելի․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր