ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին». Արմեն Պետրոսյան
15:30, 01.07.2022 | mamul.am
4069 | 0

Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները
Բավականին տևական սակարկություններից հետո Թուրքիան չարգելափակեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացը։
Ի՞նչ է այս հանգամանքը նշանակում, և ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել.
Հնարավոր արդյունքները.
1. Արևելյան առևտրականի տրամաբանությամբ շարժվող Թուրքիան իր երկու «հաճախորդներից»՝ Ռուսաստանից և Արևմուտքից (պայմանական ձևակերպմամբ), ինչպես և կանխատեսվում էր, ընտրեց երկրորդին, որից, ըստ էության, առկա պայմաններում շատ ավելի շոշափելի հաղթաթղթեր է հնարավոր կորզել։
2. Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ առանձին պայմանավորվածությունների համաձայն՝ Անկարային կարող է հաջողվել ստանալ սկանդինավյան երկու երկրներին նախապես ներկայացված առնվազն 10 կետանոց պահանջների իրականացումը։
3. Կողմնակի էֆֆեկտով կարող է դրական ֆոն ապահովվել ԱՄՆ-ի և ԵՄ-անդամ երկրների հետ ոչ միանշանակ հարաբերություններին, ռազմավարական հարցերի օրակարգերին։
4. Արևմուտքից գոնե առժամանակ ստանալ առավել բարենպաստ դիրքորոշում Արևելյան Միջերկարականում և Էգեյան ծովում եղած խնդիրների հետ կապված։
5. Հասնել հատկապես ԱՄՆ-ի առավել լոյալ մոտեցման Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սահմանափակ ռազմագործողություն իրականացնելու հարցում, որը կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում և ներկայում բխում է Վաշինգտոնի շահերից։
Հնարավոր հետևանքները.
1. ՆԱՏՕ-ում Անկարայի քննարկվող մոտեցումը հերթական ռազմավարական վնասը հասցրեց Մոսկվային։ Հետևաբար, չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները տվյալ շրջափուլում կարող են տեղափոխվել համագործակցայինից մրցակցային հարթություն, որը երկկողմ տարաբնույթ ձևաչափերից բացի, կարող է ազդել միաժամանակ մի քանի տարածաշրջաններում և հակամարտություններում կողմերի համագործակցային փոխգործակցության վրա։
Ա) Տնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական ոլորտներում հարաբերությունների ժամանակավոր սառեցման հնարավորություն։ Մասնավորապես, նշված ոլորտներում Մոսկվան կարող է նվազեցնել հետաքրքրությունը կամ արհեստական խնդիրներ առաջացնել մասնավոր ոլորտում փոխհարաբերություններին(առևտուր, զբոսաշրջություն և այլն)։
Բ) Ուկրաինական ճգնաժամում, սիրիական հակամարտությունում, արցախյան հիմնախնդրում, հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիային արտոնված դերակատարման խոչընդոտում։ Մասնավորապես, նշված բոլոր հիմնախնդիրներում Մոսկվան կարող է զգալիորեն նվազեցնել Անկարայի մանևրի հնարավորությունները, որոնք վերջինին զիջվել էին Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում խնդիրներ հարուցելու կրեմլյան մարտավարության արդյունքում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր