ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Որ դուք տեսնեք, թե ի՜նչ սերունդ է աճում». Տարոն Սիմոնյան
01:12, 02.07.2022 | mamul.am
4542 | 0

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Երբ ազգային ու պետական ռազմավարություն չունենալը դառնում է միակ ռազմավարությունը, հող, տուն զիջելը, քո իսկ հայրենիքից հոգեբանորեն օտարվելը, ամեն գնով աշխարհաքաղաքացու դերի մեջ մտնելը, այլ երկրներից հայրենասիրության դասեր տալը, օտարների ռազմավարության քարոզած կենցաղի մոդային տրվելը դառնում է սովորական բան, որովհետև այդ ժամանակների միակ արժեքը սպառելն է, անխնա սպառելը ...
Ափսոսս մեզ չի գալիս. մենք արդեն անիծված ենք՝ մեր նախնիների անեծքով, որ չկարողացանք ատամներով պահել վեց դար ընդմիջումից հետո ազատագրված հայրենիքի մեծ մասը։ Դեռ մի քանի գլուխ էլ պիտի ինքներս մեզ հաղթահարենք, որ արժանի լինենք կյանքին այս հողի վրա ու հաղթանակին։
Ափսոսս հաջորդ սերունդն է գալիս, որ փոխարեն զբաղվեր պետականության զարգացմամբ, նորից պիտի լծվի հայրենիքի ազատագրության ու պետականաստեղծման գործին, դեռ ավելին. ես կասեի՝ հանրություն ու անհատ ստեղծելու գործին։
Դե ինչ, կյանքի օրինաչափությունն է այդպիսին։ Եթե քեզ կառավարում են կրքերն ու դրանց վարպետները, իսկ դու համառորեն հրաժարվում ես ողջախոհությունից, ամեն ինչ կյանքում պտտվելու է վախի ու զիջման, սիրային ատելության ու ատելի սիրո, տգետների ու հպարտների, հանցագործների ու ոչ պակաս հանցագործների, փրկիչների ու դավաճանների շուրջ։
Բայց ոչինչ ... Որ դուք տեսնեք, թե ինչ սերունդ է աճում դպրոցներում, համալսարաններում ու ամենուր՝ հեռու ընթացիկ քաղաքական ու մտավոր կեղտից, կհասկանաք, որ հեռու չէ սպառող մարդու ամբողջական ստվերումը առաքինի անհատի տեսակով՝ իր Վեհ հոգով, Ազնիվ մտքով, Նվիրական վարքով ու Քաջությամբ»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր