Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն մոտ 3000 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա, հայտնում է UNIAN-ը։ «Ընդհանուր առմամբ, գիտեք, լայնամասշտաբ պատերազմի չորս ամիսների ընթացքում Ռուսաստանն արդեն օգտագործել է մոտ 3000 հրթիռ։ Այս գործողությունները ևս մեկ անգամ ընդգծում են, թե որքան ճիշտ են մեր գործընկերների որոշումները Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում»,- ասել է նա։ Պետության ղեկավարը նաև հիշեցրել է, որ այսօր ռուսական բանակը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Օդեսայի շրջանի Սերգեևկա գյուղի սովորական բնակելի շենքի վրա։ «Նման Х-22 հրթիռներն ստեղծվել են ավիակիրներ և այլ խոշոր ռազմանավեր ոչնչացնելու համար, և ռուսական բանակն այն օգտագործել է սովորական շենքերի դեմ, որտեղ սովորական քաղաքացիներ կան»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը՝ հավելելով, որ բնակելի շենքի ռմբակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ավելի քան 30 մարդ վիրավորվել է։ |