ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Այդ օրը ՀՀ-ում առաջին անգամ ընտրակաշառք բաժանվեց». Կարեն Հեքիմյան
03:12, 06.07.2022 | mamul.am
5767 | 3

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե այսօր տոն է, ապա այն պետք է կոչել «Խայտառակության համահայկական օր»: Համենայնդեպս, ես ամեն տարի այս օրը «տոնում եմ» անուն առ անուն հիշելով խայտառակության հեղինակներին:

Ուրեմն՝ «Խայտառակության համահայկական օրը», որպես ազգային տոն, մեր օրացույց մտավ 1995թ. հուլիսի 5-ին: Այդ օրը սկիզբ դրվեց ընտրակեղծարարությանը, անձնական շահերի համար վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների կիրառմանն ու ներգրավմանը, այդ օրը Հայաստանում առաջին անգամ ընտրակաշառք բաժանվեց: Ես դա ասում եմ որպես ականատես, վկա և ընտրական գործընթացի անմիջական մասնակից:

Երևանի Շենգավիթի շրջանում կար թվով 6 ընտրատարածք: Թիվ 1 ընտրատարածքում իշխանությունը, ի դեմս Ռուբինյան Կարապետի, զանգվածաբար վարչական ռեսուրս էր օգտագործում: Այդ ընտրատարածքում նախապես չէին գրանցել այն թեկնածուներին, որոնք կարող էին ինչ-որ կերպ խանգարել Ռուբինյանի ընտրությանը: Վերջինիս օգտին էին աշխատում թաղային հեղինակությունները՝ բազարի Կյաժի եղբոր՝ Վաչոյի գլխավորությամբ: Այս ընտրատարածքում եղան լցոնումներ և առաջին անգամ կիրառվեց կարուսելը: Թիվ 2-րդ ընտրատարածքի նախագահը ես էի և, հետևաբար ընտրատարածքային հանձնաժողովը, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովների մեծ մասն իշխանությունների կողմից չէին վերահսկվում: Մեր պարագայում, իշխանությունն իր խնդիրները լուծում էր բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի օգտագործմամբ: Ի սկզբանե, ԿԸՀ-ի միջոցով պայքարից դուրս մղվեց Սուրեն Զոլյանը: Մինչ այժմ աչքիս առաջ է միջին տարիքի մի տղամարդ, ով գրկած՝ Բելինսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս էր բերել 109 տարեկան տատիին՝ դրա դիմաց ստանալով մի քանի կիլոգրամ բրինձ և մի քանի խոստում: Այդ ընտրատարածքում, իրենց խայտառակ կեցվացքով, հատկապես աչքի ընկան ԺԷԿ-ի Հրաչը, հին կռուգի Ռոստոմը և ռուս գործիչ՝ Միհրանյան Անդրանիկի եղբայր Կիտայը:

Թիվ 3-րդ ընտրատարածքն Աշոտ Նավասարդյանինն էր: Նավասարդյանի ընտրարշավը ղեկավարում էր Մարգարյան Անդրանիկը, իսկ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր Բեժանյան Նուրիսան: Նավասարդյանի թիմն ի սկզբանե պայքարից դուրս մղեց այդ տարածքում մեծ հեղինակություն վայելող, հայտնի իրավաբան Ստեփան Ծաղիկյանին, ում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «չորով» չգրանցեց որպես պատգամավորության թեկնածու: Անգամ մնալով առանց լուրջ մրցակիցների՝ Աշոտ Նավասարդյանի թիմը, այնուամենայնիվ, օգտագործեց վարչական ռեսուրս: Արձանագրվեցին նաև լցոնումների դեպքեր:

Թիվ 4 ընտրատարածքում այդ օրերին ամեն ինչ կար: Ե՛վ դանակահարություն, և՛ ընտրակեղծարարություն, և՛ աննախադեպ չափի լցոնումներ, և՛ վարչական ռեսուրսի օգտագործում, և՛ թաղային հեղինակությունների ներգրավվում: Մի խոսքով՝ ԱՄԵՆ ԻՆՉ: Ես երբեք չեմ մոռանա դանակահարված դաշնակցական Յուրային (հեռացվեց վերջինիս փայծախը, այնուհետև նա մահացավ), Համլետին: Դա մոռանալ չի լինի: Այդ ընտրատարածքի իշխանական թեկնածուն Կարամելի Հարութն էր:

5-րդ ընտրատարածքում ևս ծեծ ու ջարդ էր և ընտրակեղծարարություն: Այս ընտրատարածքի իշխանական թեկնածուն Բաղդասարյան Արթուրն էր: Այդ ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու չգրանցեցին հեղինակություն համարվող՝ գող Սքեի քրոջ որդի Աշոտին, ով ընտրվելու մեծ շանս ուներ: Բաղդասարյան Արթուրի և նրա ընտրարշավի կազմակերպիչներից Խուրշուդյան Էդմոնի ջանքերով որպես պատգամավորության թեկնածու չգրանցվեցին նաև մի շարք այլ ուժեղ թեկնածուներ: Սակայն դա էլ չբավականացրեց Բաղդասարյան Արթուրի անխոչընդոտ ընտրությանը: Վերջինիս ազգական պիվնոյի Գոքորն սկսեց ուժային գործողություններ իրականացնել: Այդ ընտրատարածքում եղան զանգվածային ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, աննախադեպ լցոնումներ, կարուսել, ընտրակաշառք և վարչական ռեսուրսի օգտագործում:

Թիվ 6-րդ ընտրատարածքը համեմատաբար հանգիստ էր: Դա պայմանավորված էր թեկնածուների անձնական հատկանիշներով: Համենայնդեպս ինձ վրա լավ տպավորություն էր թողել իշխանական թեկնածու՝ ՀՀՇ-ի Գրիգորյան Հրաչը: Այստեղ չկար ծեծ ու ջարդ, չեմ նկատել անգամ ընտրակաշառք: Միայն վարչական ռեսուրսի օգտագործում: Ավելին՝ կար ուժեղ ընդդիմադիր թեկնածու Համլետ Հակոբյանը՝ Չարլին (Աստված հոգին լուսավորի): Մի խոսքով, այս ընտրատարածքում երկրորդ փուլ եղավ և, ի վերջո, հաղթեց Գրիգորյան Հրաչը:

Պարզ է, որ ամեն ինչ չեմ պատմել: Աստիճանաբար պատմում եմ: Այսպիսին էր 1995թ. հուլիսի 5-ը: Այդ օրն աննախադեպ ընտրակեղծարարության, ծեծ ու ջարդի, ահաբեկումների, լցոնումների արդյունքում ունեցանք Սահմանադրություն:

Կրկնում եմ, այս ամենն ասում եմ որպես ականատես, վկա և անմիջական մասնակից: Այդ օրերին կողքս էին ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը և շատ անհատներ: Շնորհակալություն նրանց:

Ի դեպ, օրինակ՝ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծ մասը դեմ էր քվեարկել ՀՀ Սահմանադրությանը:

Փաստաթղթերը կնքեցի և ուղարկեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մի քանի օր անց պարզվեց, որ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությանը:

Հ. Գ. Ամեն տարի սրա մասին եմ գրում: Չեմ հոգնելու:

Հ. Գ. Շնորհավորում եմ «Խայտառակության համահայկական օրվա» առթիվ»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր