«Հյուսիսային հոսքի»-ով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին՝ հուլիսի 21-ին՝ պլանային տեխսպասարկման ավարտից հետո: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Սպասվում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին` հուլիսի 21-ին, պլանային տեխնիկական սպասարկման ավարտից հետո»,- հայտնել է գործակալությունը։
Միաժամանակ, ըստ աղբյուրի, գազատարը չի վերսկսի աշխատանքն ամբողջ հզորությամբ, այլ այն նույն մակարդակով, ինչ եղել է մինչև հուլիսի 11-ը։
Այս հրապարակումից հետո գերմանական Uniper կոնցեռնի բաժնետոմսերը թանկացել են 11,6 տոկոսով։
Հուլիսի 11-21-ը «Հյուսիսային հոսքի» շահագործումը դադարեցվել է տեխսպասարկման նպատակով: Գազատարն ապահովում է վառելիքի հիմնական հոսքը դեպի Եվրոպա։
Միաժամանակ, հունիսի կեսերից առաքումները կատարվում էին սահմանափակումներով՝ առավելագույն հզորության 40 տոկոսի մակարդակով։ «Գազպրոմը» դա բացատրել է գերմանական Siemens ընկերության տուրբինների վերանորոգման գործընթացի ձգձգմամբ։ Դրանք օգտագործվել են Պորտովայայի կոմպրեսորային կայանում՝ գազը խողովակներ մղելու համար։ Ստեղծված իրավիճակը Եվրոպայում մտավախություն է առաջացրել, որ տեխնիկական սպասարկման ավարտից հետո ռուսական օպերատորն ընդհանրապես չի վերսկսի մատակարարումները գազատարով։