ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ». Արմեն Գրիգորյան
13:24, 03.08.2022 | mamul.am
8518 | 1

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

- Պարոն Գրիգորյան, ԼՂ նախագահը երեկ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով իրենց պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթևեկությունը կազմակերպել այլ երթուղով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

- ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետևյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:

- Բայց դուք հայտարարել էիք, որ Հայաստանը սկսում է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, որը ենթադրվում է, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

- Այո, այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի: Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանը և համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր