ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Արցախը հեշտ հանձնվելու երկիր չէ, դա մոռացե՛ք». Վահրամ Մարտիրոսյան
19:18, 07.08.2022 | mamul.am
4502 | 0

Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4-րդ օրը՝ Արցախի Սոս սահմանամերձ գյուղում, Մարտունու շրջան։ Մինչև էս օրվա տպավորությունս։ Արցախը հեշտ հանձնվելու երկիր չէ, դա մոռացեք։ «Խաղաղության դարաշրջանը» միայն Արցախի լուրջ կարգավիճակի դեպքում կարող է բացվել։ Արցախը մի տուն, մի գյուղ չէ։ Եթե նախորդ պատերազմին կիլոմետրերի համար են մարտեր մղվել, հաջորդից չխուսափելու դեպքում կռիվը լինելու է ամեն մետրի համար։ Արցախում ամեն քայլափոխի շինարարություն է, դիրքերը ամրացվում են, հարսանիքներ են տեղի ունենում, որտեղ «մակարները»... փեսայի ծառայակիցներն են։ Սա չեմ ասում, որ անհիմն լավատեսություն ներշնչեմ/ներշնչենք մեզ, այլ որ սոցցանցային կականից, քաղաքական հիստերիաներից դուրս ոգի տանք արցախցիներին՝ մարդ են, քար չեն։
Յանա Ավանեսյանը Ստեփանակերտից է, առաջին օրը հանդիպեցինք՝ «Բաժակ» նոր սրճարանում։ Ընդունվել է ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից մեկը, իրավաբանության մագիստրոսի կրթություն է ստանալու։ Նամակ է գրել, որ թույլ տան հեռավար անցնի դասընթացը՝ եղբայրը դիրքապահ է, սիրտը էստեղ է լինելու։
Տիկին Մանուշ Վանյանը Սոսի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Գյուղի հիմնադիր 4 գերդաստաններից մեկից է սերում՝ Քյափունցներից, Գաբրիելենցից, տոհմիկ մանկավարժների, կենսաբան-գիտնականների ժառանգ է։ Նախ տնտեսագիտական կրթություն է ստացել Ստեփանակերտի համալսարանում, ապա՝ կենսաբանի։ Բժիշկ չի դարձել, որովհետև... սրսկման հետ խնդիր ունի։) Հիմա մի կրթության շնորհիվ հմուտ կառավարում է դպրոցը, մյուս առարկան՝ դասավանդում։ Ամուսինը արցախյան պատերազմների մասնակից է, որդին վիրավորվել է 44-օրյային, դեռ լրիվ չի կազդուրվել։
Ես դպրոցը փողոցի կողմից էի նկարել։ Առաջին իսկ աշխատանքային օրը գնացի տիկին Վանյանի հպարտությունը՝ ծաղկանոցը, առանձին լուսանկարելու։ Իրոք սիրուն էին ծաղիկները, բայց ավելի տպավորիչ էին ընդարձակ դասասենյակները, որոնք մաքրում-պատրաստում էին ուսումնական տարվան։ Իսկ մարզադահլիճը, առանձին շենքում, ուղղակի հրաշալի էր՝ ես ինքս ավելի լավը չեմ տեսել երբևէ որևէ երկրում։
Տիկին Վանյանի հուշումով բարձրացա Սոսի բոլոր սրբավայրերը, որոնք բավական դժվարամատչելի էին,- առանձին կպատմեմ,- բայց դրա շնորհիվ նաև դպրոցը «թռչնի թռիչքի բարձրությունից» նկարեցի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր