ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ Աղավնոյի հանձնումն աղմուկ առաջացրեց, իսկ Փառուխինը` ոչ». Արթուր Դանիելյան
13:06, 08.08.2022 | mamul.am
4322 | 2

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ մոտ, օրինակ, հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ Աղավնոյի հանձնումն աղմուկ առաջացրեց, իսկ Փարուխինը` ոչ: Ես շատ լավ գիտեմ այս հարցի պատասխանը, բայց շատ երկար մտածել եմ, թե ինչու այս ու բազմաթիվ այլ հարցեր մարդկանց ուղեղներում չեն առաջանում ու եկել եմ այն եզրահանգման, որ մարդիկ պարզապես վախենում են ճիշտ հարցեր տալ, քանի որ սարսափում են դրանց պատասխաններից, որոնք բոլորս էլ իրականում գիտենք: Արցախը և առհասարակ Հայաստանը փրկելու համար մի մեծ լեռան գագաթին, օրինակ` Հատիսի, պետք է օձի արձան կառուցել: Սա է ասում գիտությունը և դավանաբանությունը:

Աշխարհում տարածված դավադրության տեսությունների ամենահայտնիներից մեկն այն է, որ մենք բոլորս կառավարվում ենք մի խումբ ռեպտիլոիդների, ասել է թե` օձազգիների կողմից: Այս տեսությունը հիմնադիր է համարվում բրիտանացի Դեվիդ Այքը, ով բազմաթիվ գրքեր է գրել բոյով, արնախում ու կերպրանափոխվող ռեպտիլոիդների մասին, որոնց թվում են, ըստ իրեն, Մերովինգների տոհմը, Ռոթշիլդները, Բուշ ընտանիքն ու բրիտանական թագավորական տոհմը: Այքի ելույթներին հազարավոր մարդիկ են հավաքվում, որոնց ուշադրությանը նա ներկայացնում բազմաթիվ փաստեր, որոնք կարող են բավականին տպավորիչ թվալ անտեղյակ մարդու գիտակցության համար: Այս տեսությունն այնքան պոպուլյար է, որ, ըստ 2013 թվականին ԱՄՆ-ում անցկացված հարցման արդյունքների, դրան հավատում է ԱՄՆ բնակչության 4%-ը, այսինքն` մոտ 20 միլիոն մարդ:

Բնական է` այս տեսության հետևորդները մարդկությանը կործանելու նպատակ սահմանած ռեպտիլոդիների շարքերում առանձին պատվավոր տեղ են վերապահում քրիստոնեության համար, որպես գաղափարախոսություն, և մասնավորապես Վատիկանին որպես այդ գաղափարախոսության փարոս: Որպես հիմնավորում են բերվում ոչ միայն Հին և Նոր կտակարաններից այն բազմաթիվ դրվագները, որտեղ հղում կա օձերին, այլ նաև այդ հղումների հիման վրա ստեղծված խորհրդանիշների, պատկերների ու նույնիսկ շենքերի ճարտարապետության վրա: Դավադրապաշտներն անընդհատ հիշեցնում են քրիստոնյաներին Հիսուսի կողմից թողնված պատվիրաններն առ այն, որ մենք «այսուհետ խորագետ պիտի լինենք օձերի պես» (Մատթ. 10:16) կամ, որ «ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրանա» (Հովհ. 3:14):

Ի հավելում այս տողերի՝ ներկայացվում է խաչված Հիսուսը (բերված նկարներից առաջինը), որտեղ նա շատ նման է օձի, որ պտտվում է Մովսեսի գավազանի շուրջ: Բերվում են քրիստոնյա բարձրաստիճան հոգևորականների պատկերներ, որտեղ որպես իրենց իշխանության առանձնանշան նրանց ձեռքին գավազան է, որի շուրջ օձեր են վխտում:

Նենգափոխելով քրիստոնեական նարատիվը` դավադրապաշտները հաճախ անդրադառնում են այն «փաստին», որ հենց օձի գայթակղության պատճառով մարդկությունը կործանվեց ու վտարվեց Էդենից: Լավ խորացածները որպես զինաթափող արգումենտ են ներկայացնում այն փաստը, որ Վատիկանում կառուցված պապական հանդիպումների սրահը (4րդ նկարը) իրենից օձի գլուխ է ներկայացնում: Հիմա ես էլ, եթե այսքանով սահմանափակվեի, ընթերցողների մեծ մասը շշմած աչքերով նաելու էին Վատիկանի պապական համալիրին ու «վնուշկեքի» մեջ ընկնեին:

Օձն իրոք անկյունաքարային կերպար է Հին ու Նոր կտակարաններում, ինչը բնական է, քանի որ այն մինչ օրս մարդկության համար մեկ վախն է: Հարյուրավոր տարիներ են անցել այն ժամանակից, երբ մենք օձերի հետ բնակության միջավայր էինք կիսում, սակայն, ըստ հարցումները, օձերը մինչև հիմա բոլոր մարդկանց կեսի համար ամենա վախենալու բանն են, օձերից շատ ավելի շատ են վախում, քան հրապարակային ելույթ ունենալուց (2րդ տեղում է) կամ բարձրությունից (3րդ տեղում): Բնական է, որ կրոնական այն տեքստում, որի իմաստը մարդկանց ազատ ապրելու խիզախություն հաղորդելն էր, հենց օձն էր խորհրդանշելու վախի դեմ պայքարը:

Երբ Մովսեսը հրեաներին հորդորեց հանուն ազատության լքել Եգիպտոսի ապահով կյանքը, հրեաները 40 տարի քայլեցին անապատով մինչև չհաղթահարեցին իրենց բոլոր այն վախերը, որ ստիպում էին ապրել ուրիշի լծի տակ: Միայն վախերը հաղթահարելուց հետո հասան ավետյաց երկիր՝ Իսրայել: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ հասան միայն նրանք, ովքեր չէին դարձել 20 տարեկան, այսիքն՝ միայն անապատում ծնվածներն ու երկու մեծահասակ, որոնց թվում, օրինակ, Մովսեսը չկար: Մովսեսին, ըստ Հին Կտակարանի, աստված սպանեց:

Սակայն Մովսեսի մահից առաջ մեկ այլ շատ կարևոր դրվագ կա Թվերի 20-րդ գլխում, որտեղ ասվում է, որ անապատում ժողովուրդը հուսահատվեց ու սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես: Ո՛չ հաց կայ եւ ո՛չ ջուր: Մենք զզուել ենք այս խղճուկ սննդից»: Սրան ի պատասխան Աստված կոտորող (եբրայերեն՝ թունավոր) օձեր է ուղարկում, որոնց խայթոցներից «իսրայելցիներից շատերը մեռան»: Ժողովուրդն այնուհետև գլուխները կախ գալիս է Մովսեսի մոտ ու խոստովանում, որ փնովել են իրեն ու Աստծուն ու խնդրում Մովսեսին, որ նա աղոթի իրենց համար, որ Աստված ների նրանց, որ իրենց «միջից օձերին վերացնի»: Մովսեսը գնում աղոթում է և Աստված իրեն ասում է հետևյալը՝ «Դու մի պղնձէ օձ պատրաստի՛ր եւ այն դի՛ր ձողի վրայ: Երբ օձը մարդ խայթի, եւ օձից խայթուողը նայի քո սարքած օձին, կը փրկուի»: Մովսեսը պղնձե օձ է պատրաստում և այն դնում իր ձողի-գավազանի վրա, ինչից հետո օձից խայթվողները, նայելով պղնձե օձին, կենդանի էին մնում:

Օձերը տվյալ դեպքում խորհրդանշում են այն մարդկանց, որ դժվար պահերին հայտնվում են մեր կողքին ու սկսում են չարության սերմեր ցանելով, «խայթելով» գայթակղել մեզ, անիծել ազատությունն (այսինք՝ Աստծուն) ու դրանից բխող բարդությունները և վերադառնալ ստրկության, այսինքն՝ մեղսավոր կյանքին, քանի որ հենց մեղք գործելն է մարդուն սարքում իր այդ մեղքի ստրուկը: Մարդիկ էլ, տեսնելով, թե ոնց են կոտորվում օձերի ձեռքից, խնդրում են Մովսեսին իրենց միջից օձերին վերացնի: Մովսեսն էլ անում է այն, ինչ այս օրերին անում են բոլոր հոգեբաններն իրենց հաճախորդների հետ՝ ստիպում է առերեսվել սեփական վախերին: Օձից եք վախո՞ւմ, ուրեմն՝ ամեն օր օձի վրա պիտի նայեք: Սա էր այդ առակի դասը: Սա է նաև արդի հուգեբանության հիմնական դոկտրիններից մեկը:

Հիսուսն այս առակն էլ ավելի զարգացրեց ու կատարելագործեց: Նա, ինչպես և ասել էր, իրոք օձի պես բարձրացավ գավազանը մարմնավորող խաչին, սակայն, ի տարբերություն Մովսեսի, ով օտար հանդիսացող օձին բարձրացրեց գավազանի վրա, Հիսուսն ինքը բարձրացավ խաչին՝ շեշտելով այն փաստը, որ մեր բոլոր վախերը-օձերը մեր միջից են: Սրանք վախեր են, որոնց մարդիկ պիտի անընդհատ նայեն ու դառնան խիզախ:

Մարդ կա վախենում է դավաճանությունից, Հիսուսին դավաճանեցին ամենամտերիմները: Մարդ կա վախենում է ապօրինի դատվելուց, մեղքերի համար, որ չի գործել, Հիսուսին հենց այդպես դատեցին: Մարդ կա վախենում է, որ իր լավությունը չի գնահատվի` Հիսուսի գործած հրաշքները չգնահատվեցին: Մարդ կա վախենում է հանրային հալածանքից, Հիսուսին հալածեցին քաջ իմանալով, որ նա անմեղ է: Ցանկացած մոր համար ամենավախենալու բանը զավակին կորցնելն է, ու Մարիամը կորցնում է: Վերջիվերջո մահից են մարդիկ վախենում, և Հիսուսը մահանում է ամենասարսափելի ու ցավոտ տարբերակով: Այսիքն՝ Հիսուսի պատմությունը մարդկային բոլոր վախերի հանրագումարն է, հնարավոր ամենադաժան ու սարսափելի սցենարը ցանկացած մարդու համար: Ու մտնելով եկեղեցի` մենք նայում ենք մեր այդ բոլոր վախերի վրա: Համենայն դեպս պիտի նայենք, խիզախություն ստանանք ու անցնենք մահվան ստվերների միջով ու չվախենանք չարից, քանի Տերը մեզ հետ է, իր ցուպն ու գավազանը (անպայման օձերով) մեզ կմխիթարի (Սաղմոս 22:5):

Վատիկանի պապական համալիրում հավաքվողներն ակամայից նայում են հենց օձի դեմքին ու, ըստ մտահաղացման հեղինակի, դառնում են խիզախ քրիստոնյաներ: Այսինքն՝ թե՛ քրիստոնեական դավանաբանության տեսանկյունից, և թե՛ արդի հոգեբանության տեսանկյունից մարդկանց օգնելու համար ոչ թե Քրիստոսի արձան պիտի դրվի, այլ հենց օձի: Մարդիկ պետք է նայեն իրենց վախերի աչքերին ու դադարեն վախենալ ազատ ու անտեր լինելուց: Մարդիկ պետք է դադարեն վախենալ իրենց շեֆից, օլիգարխից, չինովնիկից, իշխանության մահակից, ընդդիմության պարսավանքից, վերջիվերջո ռազմավարական դաշնակցի զայրույթից ու ամենակարևորը` անտեր մնալուց: Հենց որ այդ վախերը հաղթահարվեն, դուք կիմանանք, թե ով ու ոնց հանձնեց Փարուխը, այնուհետև կիմանանք, ով ու ոնց հանձնեց Արցախն ու գուցե կարողանանք փրկել Աղավնոն, կամ այն գյուղը, որ պիտի հանձնվի դրանից հետո:

Նենց որ, երբ հաջորդ անգամ Փաշինյանը ձեզ ասի, որ եթե ինքը գնա, Քոչարյանն է գալու, կամ երբ Քոչարյանը փորձի ձեզ ասել, որ եթե իրեն չսատարեք, նա «կռելուց» հետո ձեզ կպատժի, հանգիստ նայեք իր աչքերի մեջ ու ասեք. «չունեմ ***դ, Սեդրակիչ, քոնն էլ Նիկոլինն էլ»: Այդ պահից է սկսվում փրկությունը:

Ու հիշեք մեր միջի օձերը միշտ մեզանից են: Մեր թշնամին միշտ մենք ենք:

Հ. Գ. Շատ տարօրինակ զուգադիպությամբ միշտ սիրել եմ օձերին հետևել, երբեք ո՛չ զզվել եմ, ո՛չ էլ վախեցել, իսկ գազանանոցի սիրածս հատվածը միշտ տեռարիումն էր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր