ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Սոչիի հանդիպման խորհրդավոր ֆոնը». Արմեն Պետրոսյան
17:30, 08.08.2022 | mamul.am
5447 | 0

Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Սոչիի հանդիպման խորհրդավոր ֆոնը

Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, ըստ էության, բավականաչափ տարողունակ էր. բանակցությունների ընթացքը գերազանցել է 4 ժամը։ Դրանց ընդհանուր ֆոնից (թուրքական պատվիրակության պատկառելի կազմը) և հանդիպման առնչությամբ տեղեկատվական աղքատությունից կարելի է ենթադրել զգալի ծավալով ստվերային պայմանավորվածությունների հնարավորության մասին։

Ինչպես և ակնկալվում էր, Պուտին-Էրդողան բանակցություններում քննարկվել են երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը՝ տնտեսությունից, լոգիստիկայից մինչև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ. վերջին բաղադրիչի մասով նշվել է միայն ուկրաինական ճգնաժամին, «հացահատիկային» միջանցքի շուրջ Ստամբուլի փաթեթային գործարքին, սիրիական և լիբիական հակամարտություններին անդրադարձների մասին։

Ծավալուն բանակցություններն ամփոփող հայտարարության չափազանց սեղմ տեքստում բավականաչափ «խոսուն» է հետևյալ ձևակերպումը. «Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության»։ Գուցե նաև հենց այս մտքի ներքո են ակնարկվում երկու կողմերի հետաքրքրության տիրույթում գտնվող այնպիսի հարցերը, որոնց մասին ուղիղ հրապարակային արձանագրում չկա տեքստերում։ Նման հարցերի շարքում են, բնականաբար, Հարավային Կովկասը, արցախյան հիմնախնդիրը, որի շրջանակում վերջին ռազմական լարվածությունը Բերձորի հատվածում ադրբեջանական կողմից հրահրվել էր Սոչիի հանդիպումից ընդամենն օրեր առաջ։ Ուստի այս խնդրի և ընդհանրապես հարավկովկասյան զարգացումների շուրջ հատուկ շեշտադրումների բացակայությունն առնվազն ստվերային քննարկումների հետ կապված ենթադրությունների հիմքեր է ստեղծում։ Մանավանդ այն դեպքում, երբ դեռ բանակցություններից առաջ հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական թեմատիկայի ընդգրկման մասին նշվել էր երկու կողմից էլ, ընդ որում՝ նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի ներառմամբ։ Բացի այդ Մոսկվան ու Անկարան արցախյան հիմնախնդրի շրջանակում ունեն հրադադարի ռեժիմը վերահսկելու հատուկ գործառույթ՝ ի դեմս Աղդամում տեղակայված մոնիթորինգային կենտրոնի։

Հետևաբար, վերոնշյալի համատեքստում արցախյան հիմնախնդրի նաև Հարավային Կովկասի զգայուն իրավիճակի փաստացի հրապարակային կերպով «անտեսումը» առավելապես չի բացառում դրանց հետ կապված ստվերային սակարկությունների հնարավորությունը, որոնք աստիճանաբար կարող են ավելի տեսանելի դառնալ առաջիկա զարգացումների ընթացքում՝ ինչպես գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում, այնպես էլ մասնավորապես արցախյան ռազմական թատերաբեմում և բանակցային հարթակներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2448 | 0
դեպի վեր