ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը՝ հայ-իրանական սահմանի լարված իրադրության մասին
19:42, 08.08.2022 | mamul.am
7574 | 3

Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ:

Այս մասին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։
Նշվում է, որ բացի այդ, արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թ․ Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալների՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:
«Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր