ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ռոբերտ Քոչարյանը չի արել գեթ մեկ քայլ, որը չի ուժեղացնում Նիկոլին». Միքայել Նահապետյան
10:36, 09.08.2022 | mamul.am
3365 | 0

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Վերջին երկու տարին ամփոփելիս ինձ չի լքում զգացողությունը, որ բոլոր նրանք, ովքեր որևէ ֆորմալ պատասխանատվություն են կրում Հայաստան պետության լինել-չլինելու համար, իրականում զբաղված են ոչ թե Հայաստանի լինելն ապահովելով, այլ չլինելու դեպքում իրենց անունը մաքուր պահելու ու մի տեղ էդ փաստը որպես ալիբի ֆիքսած լինելու գործընթացով։ Էդ համապարփակ լպրծուն մոտիվին հիմա «դիրքորոշում» են ասում։

«Դիրքորոշում», որից ունի, օրինակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երբ պահանջում է Նիկոլի հրաժարականը կամ դեմ է հանդես գալիս կռապաշտական կոթողի կառուցմանը, բայց դա փաստացի նույնիսկ փիլոնազուրկ մի երկու քահանայի բողոքի ակցիայի ձևով չի դրսևորվում։

«Դիրքորոշում», որից ունի Ռոբերտ Քոչարյանը, երբ, Նիկոլի հեռացման օրակարգ հռչակելով, չի արել գեթ մեկ քայլ, որը չի ուժեղացնում Նիկոլին։

«Դիրքորոշում», որից ունի Արցախի ՈՂՋ ռազմաքաղաքական էլիտան, երբ առերես հռչակում է, որ պայքարում է Աղավնոյի համար և ակնարկում, որ դեմ է նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված ժամկետներից ու տրամաբանությունից դուրս Լաչինի միջանցքի նոր երթուղի պարտադրելուն, բայց չի խորշում կուլիսներում համաձայնեցել այդ նոր երթուղին ու փաստացի դառնում է այն սուբյեկտը, որի հետ կատարվել է պատշաճ համաձայնեցումը։

«Դիրքորոշում», որից ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ամեն անգամ արձանագրում է ուժային շանտաժով հարցեր լուծելու անհնարինությունը ու հաջորդ պահին այդ շանտաժով հիմնավորում զիջումները։

«Դիրքորոշում», որից ունեն պացիֆիստները, երբ ազգային արժանապատվության վրա խնչելով՝ խաղաղություն են պարտադրում, իհարկե, ոչ Ադրբեջանին, բայց չեն կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչպես է գալու այդ խաղաղությունը և իրենք ինչ կարող են անել դրա համար, բացի արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց քարկոծելն ու ծաղրելը։

«Դիրքորոշում», որից ունեն գեներալները, որոնք դեմ են հողեր հանձնելուն, բայց չեն կարողանում առարկայորեն բացատրել, թե բունկերում սեփական կնոջից ավելի վստահելի մարդ չունեցող Փաշինյանը, ինչով ու ինչպես կարող էր խանգարել հայրենիքի փրկության մեջ մասնագիտացած, ռուսաստաններում հայրենափրկության բարձրագույն վարժարանն ավարտած մարդկանց անել այն ինչի համար լիազորված են օրենքով ու սահմանադրությամբ։ Ի վերջո, ի՞նչը կամ ո՞վ խանգարեց կյանքի կոչել դիզերտիրներին ու սաբոտաժնիկներին առնչվող կոլեգիալ որոշումը։

Տպավորություն է, թե դիրքորոշում բառի տակ արդեն վաղուց այս մարդիկ ընկալում են պոտենցիալ արհավիրքներում իրենց դիրքը որոշելը, այն դիրքը, որով առերեսվելու են այդ արհավիրքներին։

Վերջին երկու տարում ամենաշատ ասածս բառը «չգիտեմ»-ն է։ Էդ բառի մեջ ողբերգական անորոշություն կա։ Բայց էդ բառը տեղ է թողնում իմանալու ու որոնելու համար։ «Չգիտեմ»-ը մեր փայ խաչն է ալիքների վրա ճոճվող այս նավի վրա, իսկ «դիրքորոշումը» բռոնյա արված տոմս այդ նավից փախչող մակույկի համար։ «Դիրքորոշում», որ ոչ մի գործնական քայլ չի ենթադրում, բայց լավ հրատարակվում է Ավստրիայում ու Աթենքում լույս տեսնող շաբաթաթերթի էջերին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր