ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բնապահպանները պահանջում են «Մետալ Գոլդ» ընկերությանը տրամադրված երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունն անվավեր ճանաչել
20:54, 09.08.2022 | mamul.am
2163 | 0

«Մետալ Գոլդ» ընկերությունը սույն թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 18։00-ին, հանրային քննարկում է կազմակերպում ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի փորձնական հանույթի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Հանրային քննարկումը նախատեսված է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մարզադաշտում: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Եղեգնաձոր համայնքի պաշտոնական կայքում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.02.2021թ-ի հրամանով «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին 3 տարի ժամկետով տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ29/309 թույլտվությունը Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի 02.06.2009թ-ի դրությամբ հաստատված կոնդիցիաների պարամետրերի և պաշարների վերագնահատման աշխատանքների իրականացման համար: Այս թույլտվությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) տվել է` առանց ունենալու Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննական դրական եզրակացությունը, քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունից ՏԿԵՆ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ընկերության գործունեությունը գրասենյակային է, ուստի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա չէ:

Այդպիսով, առանց փորձաքննական գործընթացի և առանց հանրային քննարկումների ընկերությունը ստացել է երկրաբանական ուսումնասիրությունների ԵՀԹ29/309 թույլտվությունը, ապա դիմել է` ԵՀԹ29/309 թույլտվության սահմաններում կատարելու լրացում և պայմանագրում կատարելու փոփոխություն՝ եղած պարտավորություններին ավելացնել մինչև 2500մ3 փորձնական հանույթ տեխնոլոգիական փորձարկումներ կատարելու համար:

Ըստ էության, նման գործողությունները պետք է իրականացվեն բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ունենալու պայմաններում: Այդ պատճառով էլ ընկերությունը, արդեն իսկ ՏԿԵՆ-ի հետ ունենալով պայմանագիր և թույլտվություն, ցանկանում է ստանալ փորձաքննական եզրակացություն հանքավայրում արդյունահանում իրականացնելու համար:

Նշենք, որ հայտում հենց այդպես էլ գրված է. «Հանքի շահագործման ընդհանուր տևողությունը փորձնական հանույթի համար կկազմի 4-5 ամիս…Գլաձորի բազմամետաղային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում իրականացվելու են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելմանն և մեղմացմանն ուղղված հետևյալ մշտադիտարկումները… Հանքաքարի տեղափոխումը նախատեսվում է կատարել ք. Ղափան վերամշակման համար»: Ձևավորվելու է բաց հանք, ինչ մասին ևս նշված է հայտում. «Բացահանքից մնացորդային և կողերից իջնող ջրերի հեռացման համար աստիճանների ստորոտում բերմաների վրա կողի թեքության տակ ստեղծվում են կյուվետներ ջրի հեռացման համար, հետագայում ջրցանի և փոշենստեցման նպատակով օգտագործելու նպատակով»:

Հայտին կից փաստաթղթերից մեկում ՏԿԵՆ-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի գրությունն է, ըստ որի Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կոորդինատներով սահմանափակված տարածքում «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում հաշվառված ստորերկրյա ջրերի աղբյուրներ չկան: Իրականում «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը չի բացառում ստորերկրյա աղբյուրների առկայությունը հանքի տարածքում: ՊՈԱԿ-ը ընկերության հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իր արխիվացրած հաշվետվությունների մեջ նման տվյալներ չկան: Ավելին ՊՈԱԿ-ի գործառույթների մեջ չի մտնում հաշվետվությունների տվյալների իսկության ստուգումը: Այսպիսով, այդ գրությունը չի կարող հիմք հանդիսանալ՝ պնդելու, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա աղբյուրներ չկան:

Նշենք, որ Գլաձորի հանքի շուրջ «անօրինական զարգացումների վերաբերյալ» Եղեգնաձոր խոշորացված համայնքի մի խումբ բնակիչների անունից Եղեգնաձորի բնակիչ Հայկ Իսախանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որում ջրերի վերաբերյալ, մասնավորապես, նշված է. ««Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ փոխված կոորդինատների տարածքից սկիզբ է առնում Հերհեր գետը, անցնելով Կարմրաշեն և Հերհեր բնակատեղիներով, լցվում է Հերհերի ջրամբար և Արփա գետ:

Հերհեր գետից և Կարմրաշեն բնակատեղիից 2կմ հեռավորությամբ, 100 մետր խորությամբ անցնում է Արփա-Սևան թունելը: Չի բացառվում ծանր մետաղներով և թունավոր նյութերով հարստացված ջրերը ներթափանցեն Արփա-Սևան թունել, լցվեն Եղեգիսի կիրճ և Սևանա լիճ, ինչը հակասում է Սևանա լճի, նրա շրջակա միջավայրի և Սևանա լիճ թափվող ջրերի մասին ՀՀ օրենքին: …Հայաստանի Հանրապետությունում լույս տեսած ցանկացած ջրային ռեսուրսի քարտեզում գծագրված է, որ Թեք սարից սկիզբ են առնում Վերնաշեն, Մալիշկա, Հերհեր և Եղեգիսի կիրճ թափվող գետերը, լրացուցիչ ներկայացնում ենք մասնագետների այցելության 22 հունիսի 2022թ. արձանագրությունը»:

Այսպիսով, համաձայն օրենքով սահմանված կարգի, եթե «Մետալ Գոլդ» ընկերությունը ցանկանում է փորձնական հանույթ հանել Գլաձորի հանքից, ապա նախ պետք է ՏԿԵՆ-ը անվավեր ճանաչի ԵՀԹ29/309 երկրաբանական կամերալ ուսումնասիրության թույլտվությունը և համապատասխան պայմանագիրը: Այնուհետև պետք է իրականացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական գործընթաց ընկերության նախատեսվող գործունեության վերաբերյալ, որի արդյունքում ՏԿԵՆ-ը կորոշի ընկերությանը թույլտվություն տալ, թե՝ ոչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր