ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Մեր բանակը կանգնած է լրջագույն վերափոխումների անհրաժեշտության առջև». Արման Բաբաջանյան
14:30, 11.08.2022 | mamul.am
2554 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Նախօրեին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 2003թ. ծնված շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մահացած զինծառայողը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից։

Մեր բանակը կանգնած է լրջագույն վերափոխումների անհրաժեշտության առջև և խնդիրը հայկական բանակի կառավարումը խորհրդային մտածողությունից հնարավորինս արագ ազատելն է: Պետք է բանակի կառավարումն ու բանակային քաղաքականությունը մշակող բարձրագույն պաշտոններում հնարավորինս շատ ներգրավվեն մարդիկ, որոնք զերծ են խորհրդային մտածողության կաղապարներից, որոնք կարողանում են ազատ մտածել, խնդիրները համակողմանի և կարծրատիպերից դուրս դիտարկել, որոնք հասկանալով բանակի պահպանողական էությունը, կարողանում են այդ էությունը սպասարկել բավական ճկուն մոտեցումներով:

Համաշխարհային բանակաշինության ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական, հեռահար հաջողության հասել են արևմտյան քաղաքակրթության, արևմտյան արժեհամակարգի և մտածողության վրա կառուցված բանակները, որոնք այժմ կենտրոնացված են ՆԱՏՕ-ում: Խնդիրն ամենևին Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չէ:

Պարզապես պետք է ոչ միայն արտաքինով, ձևով, այլ նաև բովանդակությամբ կիրառել հաջողակ բանակաշինության փորձը: Այլապես, հատկապես դաժան պատերազմում պարտությունից հետո, բանակում շարունակում է իշխել բովանդակությամբ, մտածողությամբ բանակաշինության, այսպես ասած, հակառակ «քաղաքակրթական բևեռը»` ռուսականը, որն ինքն այսօր լուրջ ճգնաժամի մեջ է, և կրկին այն պատճառով, որ մտածողությունը մնացել է խորհրդային ժամանակներում:

Բանն այն չէ, որ ՆԱՏՕ-ական արժեհամակարգի երկրների բանակներն իդեալական ու անթերի են, իսկ խորհրդա-ռուսականը՝ թերարժեք: Ամենևին: Խոսքն ընդհանուր նկարագրի, մրցունակության, ժամանակակից համաշխարհային թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական միտումների հանդեպ համարժեք լինելու մասին է:

Այդ առումով, Հայաստանը պետք է իր բանակում, պաշտպանական համակարգում կատարի կա՛մ մտածողության վերափոխում, կա՛մ մտածողների փոփոխություն, ինչին պետք է ուղղված լինեն նախարարության քարոզչական ռեսուրսները, հենց դրանով, դրա շուրջ քննարկումներ ծավալելով պետք է գրավել հանրային ուշադրությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր