ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Փոխադարձ անվստահության մթնոլորտն ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է». Հակոբ Բադալյան
18:42, 12.08.2022 | mamul.am
2302 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Փոխադարձ անվստահության այն մթնոլորտը, որ կա Հայաստանում, ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է: Հանրությունը բնականաբար տեսնում և արձագանքում է միայն շոշափելի սպառնալիքներին, թշնամի սահմանին, արտաքին այլ մարտահրավեր, ներքին անկարգություն և այլն:

Բայց, ամենամեծ սպառնալիքը փոխադարձ անվստահությունն է, երբ մարդիկ պատրաստ են վստահել ու հարաբերվել, համակեցության մեջ լինել բացառապես համախոհի հետ, կամ եթե համախոհ էլ չէ, ապա միմիայն անձնապես մտերմի հետ, որովհետև միմիայն անձնապես մտերիմներին է «ներվում» այլ կարծիք ունենալը (հաճախ չի «ներվում» նույնիսկ մտերմության դեպքում):

Քայքայիչ անվստահության այս մթնոլորտը Հայաստանում սնուցվում է ոչ թե տարիներ, այլ գործնականում երեք տասնամյակ շարունակ: Եվ թերևս մեզանից յուրաքանչյուրը հասարակական-քաղաքական կյանքի որևէ դրվագում կամա, թե ակամա, շատ դեպքերում՝ լիովին այլ հարցերում հաջողության և հանրօգուտ աշխատանքի միանգամայն անկեղծ մղումներով, բայց որևէ կերպ մասնակից է եղել այդ մթնոլորտի հաստատմանը, խտացմանը:

Հիմա թերևս մեզանից պահանջվում է միանգամայն գիտակցված ձևով փնտրել ուղիներ «վստահության շրջանակ» ձևավորելու և մեծացնելու համար, որտեղ պետք է լինի մի գլխավոր «կարգախոս», իհարկե, պայմանական իմաստով՝ բազմազանություն և վստահություն: Մինչև մենք չգտնենք մեր տարբերություններին վստահելով համակեցության բանաձևը, մենք հազիվ թե կարողանանք գտնել հանրային ու պետական այլ խնդիրների լուծում:

Դա, իհարկե, շատ բարդ գործ է, բայց կա՛մ կկարողանանք անել դա, կա՛մ ով ասես մեզանով կանի իր անհրաժեշտ գործերը, իսկ մեզ կմնա մեղավոր փնտրել կամ նշանակելը: Դա մենք հիանալի ենք անում, այստեղ թերևս խոսքերն ավելորդ են»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր