ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հորինելով անցյալը․ Զիյա Բունիաթովն ու տարածաշրջանում հայկական ներկայությունը ժխտելու ադրբեջանական միտումները
22:48, 12.08.2022 | mamul.am
3597 | 0

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հորինելով անցյալը․ Զիյա Բունիաթովն ու տարածաշրջանում հայկական ներկայությունը ժխտելու ադրբեջանական միտումները

▪ 2019 թ. հոկտեմբերին Ամստերդամի համալսարանում Սառա Քրոմբախը հաջողությամբ պաշտպանում է ատենախոսություն Ziia Buniiatov and the Invention of an Azerbaijani Past (Զիյա Բունիաթովն ու ադրբեջանական անցյալի հորինումը) վերնագրով։ Պաշտպանության հաջորդ օրը հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադառնում են այս աշխատանքին։ Հայկականները մատնանշում էին, որ հոլանդացի գիտնականը բացահայտել է ադրբեջանական կեղծարարությունները, իսկ ադրբեջանական մեդիան փորձում էր նսեմացնել աշխատանքի արժեքը։

▪ Այն, որ Ադրբեջանը հարավկովկասյան տարածաշրջանում հայկական ներկայությունը ժխտում է, գաղտնիք չէ։ Սակայն չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես են նրանք հասել դրան։ Քրոմբախի գիրքն օգնում է այս տեսակետից։ Ադրբեջանական նորագույն պատմագրության հայր Զիյա Բունիաթովը պատմության վերաշարադրման գործում մեծ դեր է ունեցել։ Նրան բազմիցս քննադատել են հեղինակավոր մի շարք հայ պատմաբաններ, ինչպիսիք էին Արամ Տեր-Ղևոնդյանը և Պարույր Մուրադյանը:

▪ Զիյա Բունիաթովը Բաքվում արդեն 1950-ականների վերջին սկսում է գրել աշխատանքներ, որոնք, մեղմ ասած, հակասական էին և լի կեղծիքով։ Դրանք ունեին պատմության կեղծման երկու մոտեցում։ Առաջինի նպատակն էր ցույց տալ, որ ոչ միայն Արցախը, այլև ներկայիս Հայաստանի տարածքն Աղվանքի մաս են կազմել, և հետևաբար դրանք պատմական Ադրբեջանի մաս են, քանի որ Ադրբեջանը ներկայացվում է որպես Աղվանքի ժառանգ պետություն։ Ինչպես նշում է Սառա Քրոմբախը, այս ուղին Բունիաթովը սկսել է «Շաքիի ամրոցի տեղորոշման վերաբերյալ նոր նյութեր» հոդվածով: Նա այս հոդվածում նշում էր, որ գոյություն է ունեցել երկու Շաքի, և դրանցից մեկը, որի մասին խոսում են նաև հայկական պատմական աղբյուրները, գտնվում է Սիսիանում:

▪ Հետագայում Բունիաթովը պետք է շարունակեր այս մոտեցումը և էլ ավելի զարգացներ պատմական իրողությունների խեղաթյուրման իր գործունեությունը: Այս նպատակին հասնելու համար նա մշակում է երկրորդ մոտեցումը՝ պատմական աղբյուրներից հայկական ներկայության ջնջումը։ Դա հատկապես ակնհայտ է հայկական սկզբնաղբյուրների իր կատարած խեղված թարգմանությունների մեջ։ Գրեթե բոլոր այն դեպքերում, երբ բնօրինակում նշված էր լինում «հայկական» բառը, Բունիաթովը կամ չէր գրում, կամ էլ այն դարձնում էր «աղվանական»։ Այս երևույթը միտված էր հայկական ներկայությունը ժխտելու և հայերին պատմական աղբյուրների միջից ջնջելու։ Բունիաթովի մշակած սկզբունքները հետագայում պետք է տեղ գտնեին ադրբեջանական պատմագրության մեջ, և նրա հաջորդները շարունակեին նման կեղծարարությունները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր