ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ալիևը դա շատ լավ հասկանում է»․ Թորոս Ալեքսանյան
23:36, 12.08.2022 | mamul.am
4825 | 0

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ըստ Պենտագոնի փորձագետների՝ ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմի կորուստները 80 հազարի կարգի են արդեն, որից 16 հազարը մահացած, իսկ մնացածը վիրավորված, ըստ եվրոպական ռազմական փորձագետների ուկրաինական կողմի կորուստները ավելի շատ են, մոտավորապես 140 հազար, որից համարյա 30 հազարը մահացած, իսկ մնացածը վիրավորված:
Սակայն Ուկրաինան, այս ընթացքում, կարողացել է ավելի արագ մոբիլիզացնել ուժերն ու այսօրվա դրությամբ ունի մոտ 800 հազարանոց զորք, իսկ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում ունի 160-ից 180 հազարի կարգի զորք, ռուսները մոբիլիզացնում են նոր ուժեր, սակայն դա անում են ծպտված կերպով և բավականին հետ են ընկել, քանի որ մոբիլիզացվածներին հարկավոր է, գոնե տարրական մակարդակում, ծանոթացնել ռազմական գործին, նոր ուղարկել ռազմաճակատ, որպեսզի չդառնան ուղղակի թնդանոթի միս:

Ինչևէ, մյուս կողմից էլ ռուսական զորքն առավելություն ունի զենքի ու զինամթերքի տեսանկյունից, սակայն ուկրաինական կողմը, ստանալով զենք-զինամթերքի նորանոր համալրումներ արևմտյան երկրներից, կարողանում է մինիմումի հասցնել այդ առավելությունը:
Մի խոսքով Ռուսաստանի վիճակը Ուկրաինայում, ինչպես և սպասվում էր, գնալով ավելի ու ավելի է բարդանում, այդ պատերազմը ավարտվելու է մինչև Նոր Տարի ու արդյունքը լինելու է Պուտինի և իր ռեժիմի գահավիժումը:

Ալիևը դա շատ լավ հասկանում է, ու դրա համար կանի ամեն ինչ, որպեսզի մինչև Նոր տարի ստանա Պուտինից այն, ինչը նա խոստացել է, առաջին հերթին Զանգեզուրի միջանցք կոչվածը, քանի որ Ռուսաստանում իշխանափոխությունից հետո Ալիևին նման նվերներ այլևս ոչ ոք չի անի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր