ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Մահացել է Սեյրան Սարոյանը
07:30, 13.08.2022 | mamul.am
7814 | 0

Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։ Նա առողջական խնդիրներ ուներ, տևական ժամանակ բուժվում էր Հայաստանի և արտերկրի բուժհաստատություններում: Սարոյանը մահացել է «Իզմիրլյան» ԲԿ-ում:

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում:

1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 1996թ.` Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիական դասընթացները, 2001թ.` ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: 2006թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ, պաշտպանել Հայաստանի սահմանամերձ շրջանները, մարտնչել Արցախի ազատագրության համար: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը և օպերատիվ խումբը մարտնչել են Քելբաջարի, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրման ճակատամարտերում: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար:

2000թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալ» (1994թ.), «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի (1996թ.) և «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի (2006թ.) մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից` «Մարշալ Բաղրամյան» (1997թ.), «Դրաստամատ Կանայան» (2002թ.), «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի (2003թ., 2004թ.) մեդալներով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից:

Ամուսնացած էր, ունի երկու երեխա:

Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` Վաղարշապատում: Հուղարկավորությունն օգոստոսի 15-ին է՝ ծննդավայր Հայկաշենում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր