ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սերբ պաշտպանը միացել է «Փյունիկ»-ին
11:36, 13.08.2022 | mamul.am
8035 | 0

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 32-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:

Միլկովիչը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։

Նախկինում նա խաղացել է նաև սերբական «Տելեօպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Մեձ Լեգնիցայում»:

Բելգրադի «Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի 2010/11, Եվրոպա Լիգայի 2012/13 և Կոնֆերենցիաների Լիգայի 2021/22թթ․ խաղարկությունների խմբային փուլերում։

Պերմի «Ամկարի» կազմում սերբ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 51 խաղ, իսկ նրա տրանսֆերային արժեքն այդ ընթացքում, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվել է 900 հազար եվրո։

Միլկովիչը ժամանակին հանդես է եկել Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում, ինչպես նաև 5 հանդիպում է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականում։

Նշենք, որ 2019/20թթ․ մրցաշրջանում փորձառու պաշտպանը հանդես է եկել Երևանի «Ալաշկերտի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացնելով 13 խաղ։

Միլկովիչի վերջին թիմը «Պարտիզանն» էր, որի կազմում նա նախորդ մրցաշրջանում Սերբիայի Սուպերլիգայում մասնակցել է 13 հանդիպման, ինչպես նաև սերբական թիմի հետ հասել է մինչև Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակիչ։

Աղբյուրը` «Փյունիկ»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր