ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետականը երբեք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը չի եղել և չի: Սա հասկանալու համար ընդամենը պետք է հետադարձ նայել մեր գործունեության ժամանակագրությանը: Հանրապետականը 2018-ի իշխանազավթումից հետո եղել է այն ուժը, որ տոտալ քաղաքական հետապնդումների ու քարոզչական բիրտ հարձակումների վրա աչք փակելով մասնակցել է ԱԺ ընտրություններին` ժողովրդի հետ խոսելու, ժողովրդին բացատրելու և այս արհավիրքից ետ պահելու համար: Եթե մենք լինեինք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը, շատ հեշտ կհամակերպվեինք այդ թեզից բխող տրամաբանական հետևանքի հետ և արդեն 5 տարի ակտիվ պայքարի մեջ լինելու փոխարեն հանգիստ կգնայինք մեր գործերով, կամ, ինչպես շատ «նախկիններ», անհոգ կապրեինք դավաճանների հետ ուս-ուսի տված: Եթե մենք լինեինք այդ թեզի կրողը, այսօր ամենաշատ քաղաքական հետապնդումների ու պետական տեռորի ենթարկվողները չէին լինի հենց մեր կուսակից ընկերները: Այսպիսի «եթե»-ներ տասնյակներով կարելի է բերել, բայց վստահաբար հիմա դրա ժամանակը չէ, ուղղակի, երբ տարատեսակ կիսակայացած և ընդհանրապես չկայացած շրջանակներ փորձում են տարատեսակ թեզերով քար նետել Հանրապետականի վրա, երբեմն բացառապես վերոգրյալներին ուղղված պատասխանները նման շփոթմունքի առիթ են հանդիսանում ազնիվ մարդկանց համար և շատ լավ առիթ` ջուր պղտորողների: Ազնիվ մարդկանց շփոթմունքից զերծ պահելու համար անվերջ կարելի է փաստերով հակադարձել և բացատրել իրականությունը, բայց, ցավոք սրտի, դրանից ևս օգտվում են ջուր պղտորողները: |