Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։ Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ համաժողովի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Չավուշօղլուն հայտարարել էր, որ ոտքի վրա խոսակցություն է ունեցել Սիրիայի արտգործնախարարի հետ։ Ասել է, որ «ընդդիմադիր սիրիացիների և ռեժիմի միջև խաղաղություն է պետք, և Թուրքիան կարող է աջակցել դրան»։ Չավուշօղլուի հայտարարությունները հարուցել են սիրիական ընդդիմության զայրույթը։ Ընդդիմադիր խմբերը հակաթուրքական կարգախոսներ են հնչեցրել և այրել «Սիրիայի ազատ բանակի» դրոշի կողքին կախված Թուրքիայի դրոշը։
|