Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի պետական այրերը բոլոր արցախցիներին պաթոսով կոչ են անում վերադառնալ։ Արցախում ապրողների մի մասն էլ, հենց նույն պաթոսի ազդեցության տակ, նվազագույնը ոչ հայրենասեր է համարում նրանց, ովքեր դեռ չեն վերադարձել։ Հայաստանում էլ որոշ շրջանակներ ոչ միայն կոչ են անում, այլև գրեթե պահանջում են հայաստանաբնակ արցախցիների վերադարձը, հեգնելով՝ Ազատ Արցախը ողջունում է ձեզ։ Չեմ անդրադառնա հանգամանորեն վերոնշյալի առանձին բաղադրիչներին (դրանք առանձին թեմաներ են)։ Պարզապես ուզում եմ շեշտել, ըստ իս, գլխավորը։ Այս բոլոր խոսակցությունները ստվերում են ու երկրորդական պլան մղում ամենակարևոր հարցը՝ իսկ ո՞ր Արցախ պիտի վերադառնան մարդիկ։ Իրենց արդեն իսկ տեսած արցախյան միջավա՞յրը, նորից դեպի այն բարքե՞րը, որոնք այս օրին են հասցրել մեզ։ Թե՞ ինչ-որ բան է փոխվել, ու Նոր Արցախ են վերադառնալու մարդիկ։ Նոր գաղափարնե՞ր են հայտնվել, նոր առաջնորդնե՞ր են ի հայտ եկել, քաղաքական նոր օրակա՞րգ է ձևավորվել, նոր բարքե՞ր են արմատավորել, այսքան ծանր կորուստներից հետո որակապես փոխվե՞լ են իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները, սոցիալական արդարությունն արդեն ապահովվա՞ծ է, մարդկանց ինքնադրսևորման հնարավորություններն ավելացե՞լ են։ Հենց այսպիսի հարցեր է, օրինակ, բարձրացնում քաղաքականապես ակտիվ հադրութցիների մի զգալի հատված։ Ու չի վերադարձել։ Ու չի վերադառնա՝ մինչև իր հարցերի հոդաբաշխ պատասխանը չստանա։ Ու առնվազն ծիծաղելի է մեղադրել նրանց նվազ հայրենասիրության մեջ, քանի որ երկրորդ հայկական պետականության կայացման մեջ նրանց ներդրումն անհամեմատ մեծ է մեղադրողների ներդրումից։ Արցախի իշխանությունը չի պատասխանում այդ հարցերին։ Ուստի ուզում եմ հասկանալ՝ Արցախի իշխանությունն ինչի՞ համար է ուզում, որ մարդիկ վերադառնան, նրանց որպես ի՞նչ է դիտարկում։ Որպես վերոնշյալ հարցերի լուծման ինտելեկտուալ աջակիցնե՞ր, որպես երկրի ապագան հանրային առավել լայն շրջանակներով քննարկելու հնարավորությո՞ւն։ Իսկ արդեն վերադարձածների հետ խորհրդակցո՞ւմ է իշխանությունը, ինչպես ասում են՝ մարդատե՞ղ է դնում նրանց, հենվու՞մ է խելացիների ու ազնիվների վրա։ Իհարկե՝ ոչ։ Ուրեմն՝ որպես ի՞նչ է իշխանությունը դիտարկում վերադարձողներին։ Որպես գլխաքանա՞կ։ Եթե որպես գլխաքանակ, ապա թող ականջին օղ անի՝ Արցախը փարախ չէ, որտեղ պետք է հավաքել հնարավորինս շատ կենդանի շունչ։ Արցախը ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական տարածք է, որքան մտավոր-քաղաքական-մշակութային-հոգևոր հարթություն։ Զուտ ֆիզիկական ներկայությունը գերագույն նպատակ չէ։ Արցախում ներկայությունը միայն սեփական քաշի կիլոգրամներով չի չափվում, այլ մտքի խորությամբ, մտքի անանձնականությամբ, մտքի մեջ Արցախի մշտարթուն ներկայությամբ, Արցախի զարգացմանը միտված գաղափարներով, Արցախի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորման մեջ ներդրումով, ստեղծագործություններով՝ երգուպարով, գեղանկարով-լուսանկարով-կինոնկարով և այլն։ Ու աղոթելով։ Ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան Արցախում ապրելով, որքան՝ Արցախով ապրելով։ Արցախը պետք է առաջին հերթին լինի մեր մտքերի ու գաղափարների, մեր երազների ու իղձերի օդակայանը։ Ու մի բան էլ։ Մնալ-չմնալը, վերադառնալ-չվերադառնալը անձնական որոշման ու անձնական պատասխանատվության տիրույթում է։ Յուրաքանչյուրս ունենք մեր անձնական տիրույթը, ուստի չմտնենք ուրիշի տիրույթ։ Դրանով գոնե մեր չափով նպաստած կլինենք, որ երկիրը չվերածվի փարախի։ Քանի որ եթե դու ունես անձնական որոշման ու պատասխանատվության տիրույթ, ուրեմն արդեն իսկ փարախում չես»։ |
Բաժանորդագրվել լրահոսին