ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Մի՞թե Ղարաբաղն իր սեփական դիրքորոշումը չունի»․ Արման Բաբաջանյան
00:06, 14.08.2022 | mamul.am
3240 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Տպավորություն է, որ մեզանում շատերը չեն պատկերացնում Արցախի և Հայաստանի շուրջ առաջիկա շաբաթների զարգացումների ամբողջ վտանգավորությունը։
Ստեղծված ծանր իրավիճակում, երբ լրջագույն մարտահրավերներ են նետված Հայաստանին և Արցախին, պաշտոնական Ստեփանակերտի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հանդես գա Ղարաբաղյան խնդրի շուրջ Երևանի դիրքորոշումից տարբերվող հայտարարությամբ։

Ստեփանակերտը պետք է հանդես գա հետևյալ սկզբունքով՝ ոչինչ մեր մասին առանց մեզ։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության հետ բանակցությունների արդյունքները չեն կարող վերջնականապես կանխորոշել Արցախի կամքը և ճակատագիրը, քանզի հակամարտության կենտրոնական սուբյեկտը ոչ թե Հայաստանն է, այլ Արցախը և Արցախի ժողովուրդն ապրիորի։

Աշխարհը պետք է լսի Ստեփանակերտի ձայնը այն մասին, որ Երևանը այսուհետ չի ներկայացնում Ստեփանակերտին, որ Երևանին արգելում է Արցախի խնդրով հետագա միանձնյա բանակցություններ վարել։

Միևնույն ժամանակ Ստեփանակերտը միջազգային հանրությանը պետք է տեղեկացնի ուղիղ, առանց միջնորդների Բաքվի հետ երկխոսելու պատրաստակամության մասին։ Արցախը պետք է դիրքորոշվի, հիմնվելով իր, որպես սուբյեկտի, և արցախահայության անվտանգության, մարդու համընդհանուր իրավունքների՝ հրամայականի մակարդակի առաջնահերթության վրա։

Ինչի՞ց պետք է միջազգային հանրությունը ելնի Ղարաբաղին բանակցության կողմ կամ միջազգային սուբյեկտ դարձնելու համար:

Մի՞թե նրանից, որ Ղարաբաղում կա մի մարդ, որը նախագահ է կոչվում, կա կառավարություն, կան նախարարություններ, Ազգային Ժողով, դեպուտատներ, կառավարական շենքեր ու ծառայողական մեքենաներ, բանակ:

Իսկ որ այդ ամենը կա և առաջիկա շաբաթներին Ղարաբաղի շուրջ պայթյունավտանգ զարգացումներ են նշմարվում, որոնք էապես վերաբերվելու են Արցախի ապագային Ստեփանակերտն իր գործը համարում է միայն Հայաստանից ու աշխարհի անարդարությունից բողոքելը:
Մի՞թե Ղարաբաղն ասելիք չունի: Մի՞թե Ղարաբաղը իր սեփական դիրքորոշումը չունի, որ կարող է հրապարակել: Պարզ է ու հասկանալի, որ գուցե այդ դիրքորոշմանը որևէ մեկը, բացի հայաստանյան մամուլից, հայաստանյան քաղաքագիտական հանրույթից ուշադրություն չդարձնի աշխարհում:

Պարզ է ու հասկանալի, որ դրանից հետո Ղարաբաղը նույն օրը չեն ճանաչելու և Ադրբեջանին ստիպեն բանակցել Ղարաբաղի հետ:

Բայց չէ՞ որ ոչինչ չասելով, հետևողականորեն լռելով առավել ևս չեն ճանաչելու և չեն բանակցելու Ղարաբաղի հետ:
Միջազգային քաղաքականությունը խրախճանքի սեղան չէ, որից պետք է հնարավորինս հեռու և լուռ նստել, որ քեզ դրանով նկատեն ու հրավիրեն սեղանի մոտ: Միջազգային քաղաքականությունն աշխատանք է, տքնաջան և անմնացորդ, որը պետք է նկատեն, որ գնահատեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր