ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ամեն օր համազգային ողբերգություն ապրող ազգի ինչի՞ն է պետք հրավառության սարքը». Արտակ Զաքարյան
03:12, 16.08.2022 | mamul.am
2746 | 2

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական կորուստների ծանր շրջափուլում: Ռազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը:

Պետք է զինվենք համբերությամբ, ցուցաբերենք բարձր կազմակերպվածություն ու պատասխանատվություն, գիտակցված վարքով հասկանանք և գնահատենք մեր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները: Զերծ մնանք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ունենալ ծանր հետևանքներ:

Փոխադարձ հարգանքի, սիրո, համերաշխության, համախմբվածության ու միմյանց նկատմամբ հոգատարության միջոցով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն:

Ցավակցում եմ պայթյունի և հրդեհի զոհ դարձած մեր հայրենակիցների հարազատներին:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժած հայրենակիցներին:

Հ. Գ. 1 Դավաճանված պատերազմում 5000-ից ավելի զոհ տված ու հսկայական Հայրենիք կորցրած Հայաստանի շուկայում այդքան մեծ քանակի հրավառության սարքեր չպետք է լինեին: Ամեն օր համազգային ողբերգություն ապրող ազգի ինչի՞ն է պետք հրավառության սարքը:

Հ. Գ. 2 Մոխրացած փլատակների տակ տուժածների դիերի ու անհետ կորածների փնտրտուքին զուգահեռ, նույն Երևանի «Երազ» այգում ուրախ համերգի մասնակիցներին արդարացի ամոթանք է տալիս ազգությամբ ռուս աղջիկը: Իսկ ընդամենը մի քանի ժամ առաջ մեր հայրենակիցն Աղավնոյում իր հարազատ տունն էր այրում, որովհետև դավաճանը որոշել է հանձնել այն թշնամուն:

Կանգ առե՛ք մարդիկ: Մի՛ մոռացեք Աստծո և բարոյականության մասին: Ուրիշի վիշտ չի լինում:

Երեկ, տարբեր երկրներից, երեսունից ավելի զանգ ու հաղորդագրություն եմ ստացել այլազգի մտերիմ մարդկանցից, ովքեր ցավում էին Երևանում տեղի ունեցած պայթյունի համար և իրենց զորակցություն էին հայտնում»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր