ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ. FIP
14:18, 15.08.2022 | mamul.am
7566 | 0

«Փաստերի ստուգման հարթակ»-ը հայտնում է. «Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։

Ինչպես երևում է մամուլում տարածված տեսանյութերից, վարչապետի ավտոշարասյան ամենագնացներից մեկի առջևի մասում բացակայում է մեքենայի պետհամարանիշը։ Այնինչ, նույն մեքենայի ետնամասում համարանիշը կա՝ 001 UU: Սա հենց այն մեքենան է, որը սպասարկում է անձամբ վարչապետին, և Նիկոլ Փաշինյանն իջնում է հենց այս մեքենայից։

Հատկանշական է, որ վարչապետին ուղեկցող մյուս բոլոր մեքենաները հաշվառման համարանիշերը կրում էին սահմանված կարգով, և միայն անձամբ վարչապետին տեղափոխող մեքենան էր երթևեկում սահմանված կարգի խախտումով։

Ստացվում է, որ վարչապետը երթևեկում է օրենքի կոպիտ խախտմամբ, քանի որ ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով կամ առանց համարանիշների։

Իսկ տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգի համաձայն՝ թեթև մարդատար ավտոմոբիլներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի ու հետին) համարանիշներ։

Այսպիսով, վարչապետին տեղափոխող տրանսպորտային միջոցի՝ առջևի հատվածում հաշվառման համարանիշ չունենալը Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի խախտում է։

Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը երթևեկում է առանց հաշվառման համարանիշի, քանի որ նախկինում մամուլում տարածված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ վարչապետին տեղափոխող մեքենան մշտապես կրել է հաշվառման համարանիշեր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր