ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի և մի խումբ այլ անձանց հետ առևանգել են 83-ամյա տղամարդուն։ Այլ մանրամասներ է ներկայացված հաղորդագրության մեջ. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը կալանավորվել են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով 83-ամյա տղամարդուն առևանգելու շուրջ, 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել և «Opel» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են 83-ամյա տղսմարդուն: Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան տարել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ, պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը և ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկություններով՝ ընտանիքի անդամներից գումար պահանջել: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ստանալով պահանջված գումարը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Մանուկյանին և Արմեն Քամալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: |