ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«88-ի երկրաշարժի ժամանակ հաճախ կորուստներ ենք տվել սխալ կազմակերպված օգնության հետևանքով». Զաքար Խոջաբաջյան
23:18, 15.08.2022 | mamul.am
2631 | 0

Բժիշկ Զաքար Խոջաբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով, որ արդեն երկրորդ օրն է, ինչ որոնողական աշխատանքներ են ընթանում, և հուրախություն բոլորիս՝ ողջ մնացածների հայտնաբերման հույսեր կան՝ կարծում եմ տեղին կլինի հիշեցնել մի կարևոր համախտանիշի՝ երկարատև ճնշման համախտանիշի (crush syndrome) մասին։ Պարզ և հանրամատչելի եթե բացատրենք, ապա նշված համախտանիշն ի հայտ է գալիս վերջույթների երկարատև ճնշման հետևանքով։ Փլատակի տակ գտնվողի վերջույթի վրա (ասենք, ձեռքին կամ ոտքին) կարող է ծանր պանել կամ այլ իր ընկել և դրանով խաթարել վերջույթի արյունամատակարարումը, միևնույն ժամանակ տուժածը կարող է լինել գիտակից։ Օգնության հասածը բարձրացնում է պանելը կամ վերջույթը ճնշող իրը՝ դուրս բերելով տուժածին, և կարճ ժամանակ անց գիտակից տուժածի վիճակը սկսում է կտրուկ վատանալ, ընդհուպ՝ կարող է մահանալ։ 88-ի երկրաշարժի ժամանակ հաճախ կորուստներ ենք տվել սխալ կազմակերպված օգնության հետևանքով։ Փորձեմ բացատրել, թե ինչ է կատարվում. արյան շրջանառությունից զրկված վերջույթում սկսում են տեղի ունենալ դանդաղ քայքայման ու մեռուկացման պրոցեսներ, կուտակվում են մեծ քանակությամբ թունավոր նյութեր (ընդ որում, որքան շատ է մկանային հյուսվածքը, այդքան ավելի արտահայտված են այդ երևույթները)։ Արյան հունից անջատված վերջույթը ազատելուց հետո, այն միանում է օրգանիզմի ընդհանուր արյունաշրջանառությանը, և կուտակված բոլոր թունավոր նյութերը միանգամից անցնում են օրգանիզմ՝ բոլոր վտանգավոր ու բացասական հետևանքներով՝ ինտոքսիկացիա, երիկամային անբավարարություն և այլն։
Ուստի օգնություն ցուցաբերողը, նախքան ճնշման տակ գտնվող վերջույթն ազատելը, պետք է տեղադրի լարան (жгут), վնասված մասից վերև, և նոր միայն ազատի վերջույթը ճնշող առարկայից։ Սա շատ-շատ կարևոր է։ Եվ քանի որ փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք կարող են և չունենալ համապատասխան գիտելիքներ՝ առաջին օգնության վերաբերյալ, ապա անհրաժեշտ է գոնե այս տեղեկությունը հասցնել մարդկանց՝ հնարավորինս տարածելով այն։ Կարծում եմ, ավելորդ չէ ընդգծել նաև, որ փրկարարական աշխատանքներին մասնակցող անձանց, ի թիվս այլ անհրաժեշտ պարագաների, պետք է տրամադրել նաև լարաններ (жгут), որպեսզի կարողանան դա օգտագործել ըստ կարիքի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր