Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ Սիրելի՛ լրագրողներ, կներեք, որ ձեր հարցերին անցած օրերին չպատասխանեցի: Սա մի փոքրիկ ակնարկ է աղետներին արձագանքման դժվարությունների ու խնդիրների վերաբերյալ: Կներեք, եթե ինչ որ կետ կամ տերմին լավ չեմ մտաբերել: Ամբողջ աշխարհն այսօր պարզագույն արձագանքման քաղաքականությունից, ինչպիսին էր Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ռիսկերի նվազեցման միջոցով մոտեցել է ռիսկերի կառավարման քաղաքականությանը, երբ գնահատվում են բոլոր վտանգները, դրանցից առաջացող ռիսկերը, ու քայլեր են ձեռնարկվում, որ այդ ռիսկերը բացառվեն կամ նվազագույնի հասցվեն, հզորացվեն կարողություններն ու նվազեցվի խոցելիությունը, որ երկրներն ավելի պատրաստված ու դիմակայուն լինեն: Աշխարհի ոչ մի երկիր, ինչքան էլ որ այն զարգացած ու դիմակայուն լինի, ապահովագրված չէ բնական, տեխնածին, համաճարակային, բնապահպանական, ահաբեկչական, դեպք-պատահարներից: Բայց հենց արձագանքումից, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվությունից ու արդյունավետությունից է կախված գնահատականը՝ հզո՞ր է այս երկիրը, պատրաստված է, հոգատար ու սրտացավ վերաբերմունք ունի իր քաղաքացու նկատմամբ, թե՞՝ միշտ մի աղետ կամ մի վնաս գալիս են այդ երկրին անպակաս, ու բնակչությունն էլ վերջում մենակ է մնում իր դարդ ու ցավի հետ: ԻՆՉՊԵՍ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄԸ ՄԵԶԱՆՈՒՄ Առաջին նախապայման. ոչ մեկն իրավունք չունի հրշեջ-փրկարարին մտցնել տարածք, որտեղ նրա կյանքին վտանգ է սպառնում: Ինչքան էլ, որ անձնազոհության ու խիզախության օրինակներ ցույց տված լինեն մեր փրկարարները, նրանք իրենց գործը կարող են անել միայն կառավարվող ռիսկի պայմաններում: Նաիրիտի հրդեհ-պայթյունների ժամանակ հիշում ենք մեր փրկարարների անձնազոհությունը, երբ որոնողափրկարարական աշխատանքն ու հրդեհաշիջումն ուղեկցվում էին նոր պայթյուններով: Փառք Աստծո, միայն թեթև վնասվածքներ ու ծխահարումներ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ռիսկը սխալ գնահատելու պատճառով Նյու Յորքում, փլվող շենքերի տակ մնացին 341 հրշեջ, երկու պարամեդիկ, 60 ոստիկան և շտապ օգնության 8 աշխատակից: Օպերատիվ հետախուզական գործունեություն՝ դեպքի վայր, ականատեսներ, տուժածներ, նրանց հարազատներ. ով ինչ է տեսել, ովքեր են տուժել, ում մոտ ինչ նկարած նյութեր կան, որ հետո քննիչների համար ավելի դյուրին լինի աշխատանքը: Փրկարարների ու բժիշկների հետ միասին տուժածների անձի հաստատում. որին որ հիվանդանոց տեղափոխեցին: Վերջնական տվյալները հավաքվում են ՃԿԱԿ-ում, որոնք անընդհատ ճշգրտվում են, նույնը անհետ կորածներինն ու մահացածներինը: Հիշեցվում է 911 հեռախոսահամարը, որտեղ կարող են զանգել ինչպես տեղեկություն հաղորդելու այնպես էլ ստանալու համար: Ազգային անվտանգության ծառայության գործն էլ պատահարի պատճառահետևանքային կապերի վարկածների մշակումն է, վերլուծությունը, իրավիճակի զարգացման հետագա սցենարների մոդելավորումն ու կանխարգելումը, և օպերատիվ այլ գործողություններ: Դեպքի վայրին մոտ, անվտանգ տարածքում, բացազատվում է օպերատիվ կառավարման միջգերատեսչական շտաբը՝ բոլոր արձագանքող կազմակերպությունների, նաև քաղաքապետարանի, ջուր գազ, լույս, ընդհուպ հիդրոմետի ներգրավմամբ՝ եղանակի կանխատեսում, քամու ուղղություն և այլն: Շտաբը կահավորված է բոլոր գերատեսչությունների փոխկապակցված համակարգիչներով համապատասխան անհրաժեշտ տեղեկությունների շտեմարանններով: Էկրաններիn դեպքի վայրն է՝ բոլոր ռակուրսներով, աշխատում են նաև դրոնները: Բնապահպանական ծառայությունը զգուշացնում է՝ արտազատվող ծուխն արդյոք վտանգավոր է, թե ոչ: Այդ մասին պետք է իրազեկել նաև բնակչությանը՝ ինչքանով է վտանգավոր, ինչ է այրվում, ինչ նյութեր կան, մարդիկ հեռու գնան, հարակից շենքերում պատուհանները փակեն, ինչ անեն, կամ էլ մի անհանգստացեք՝ առողջարար ծուխ է: Թե չէ, ինչ է նշանակում ԱԻ նախարարի ծխահարումը, և հաստատ, նաև այլ մարդկանց ու բազմաթիվ: Հա, կարող ենք ասել, որ աշխարհում նման դեպքեր շատ են եղել, և ասենք անցած տարի հենց Ռուսաստանի ԱԻ նախարարը զոհվեց ընդամենը ուսումնավարժության ժամանակ: Նա էլ հո փորձառու էր, 55 տարեկան, եղել էր Պուտինի համհարզն ու անձնական անվտանգության ծառայության աշխատակիցը: Մտածեցինք, բացազատվեցինք, փողրակներն արդեն պատրաստ են, մեքենաները լիքն են ջրով, օգնելու պատրաստ կանգնած են քաղաքապետարանի լիցքավորված ջրատարները, ինչպես միշտ մոտերքում ջրային ավազան, ավազի պարկեր ու աշխատող հիդրանտներ չկան: Սուրմալուի տարածքում մեր երկրի արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի արդյունավետության գնահատականը ես չէ, որ պիտի տամ. թող վերլուծեն, գնահատեն, կարևորը՝ դասեր քաղեն ու սերտեն, բայց կցանկանայի անդրադառնալ ճգնաժամային հաղորդակցությանն ու հանրային իրազեկմանը: Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է: Լրատվությունն արտակարգ իրավիճակներում նման է սննդի, այն պետք է տրվի ժամանակին և անհրաժեշտ քանակով: ԱԻՆ լրատվականը, որը կառավարում էր տեղեկատվական հոսքերի վտակներ, կարճ ժամանակում հայտնվում է հեղեղ կառավարելու փաստի առաջ, իսկ պահանջարկն ու հոսքերն անընդհատ աճում են: Միջգերատեսչական լրատվական միացյալ լրատվական կենտրոնը, որի պլանները նախօրոք մշակվում են և ուսումնավարժությունների միջոցով խաղարկվում ու սրբագրվում, հնարավորություն է ընձեռում աճող ինտենսիվությամբ ներկայացնել արձագանքող բոլոր կազմակերպությունների փոխգործակցված աշխատանքը՝ ինչ ուժեր են ներգրավվել, ով ինչ է անում: Ընտրվում են հիմնական խոսնակները՝ շարքայինից մինչև նախարար, բժիշկ ու ոստիկան, և այդ խոսնակները հետևողական ու տեղեկատվական նույն աղբյուրից օգտվելով, առանց միմյանց հակասելու և հերքելու-ուղղելու, առանց լրատվամիջոցների հետ բանավիճելու պատմում են կատարվող աշխատանքների ու արդյունքների մասին, փրկվածների ու տուժածների մասին, դժվարությունների ու բարդությունների մասին: Մոնիտորինգի բաժինը ներկայացնում է, թե ինչ թյուրըմբռնումներ կան լրատվամիջոցներում, կոպիտ սխալներ կամ անճշտություններ, ինչ են խոսում բնակչության մեջ, և խոսնակին ներկայացվում է տեքստ, որտեղ այդ ամենը հաշվի է առնված, ուղղված, ճշտված, հուզող հարցերին պատասխանած: Ճգնաժամային հաղորդակցությունը խուճապը կանխող երեք հիմնասյուն ունի` ինչ է տեղի ունեցել, ինչ են անում կառավարման մարմինները և ինչ պիտի անեն աղետի գոտում հայտնված մարդիկ`նրանց վարքականոնները: |