«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է Քննարկվել են նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը և միջանկյալ արդյունքները: Ելնելով օպերատիվ իրավիճակի վերաբերյալ հայտնված տեղեկատվությունից և քննարկման արդյունքներից՝ Երևան քաղաքի դատախազը տվել է կոնկրետ հանձնարարություններ քննության հիմնական ուղղությունների, ապացուցողական անհետաձգելի և մյուս գործողությունների, դրանց ծավալի վերաբերյալ: Նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները, շինության կարգավիճակը, պարունակությունը, դրանց պահպանության իրավաչափության, տարածքում անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ: Այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչների և փորձագետների կողմից սկսել է իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն, որին ներկա են եղել նաև դատախազական խմբի դատախազները: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում դեռևս շարունակվում են հովացման, ինչպես նաև փրկարարական-որոնողական աշխատանքները, դեռևս հնարավոր չի դարձել մոտենալ հրդեհի և պայթյունի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տվյալների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: Վերջինս կիրականացվի նշված տարածքում առաջնային միջոցառումներն ավարտվելուց, հնարավոր փլուզումների վտանգը չեզոքացնելուց և անվտանգության բավարար պայմաններ ապահովելուց անմիջապես հետո: Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք, այդ թվում՝ տուժողներ և առևտրի կենտրոնում առևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր: Այս գործընթացը շարունակվում է, քննության պլանավորմանը համապատասխան՝ հարցաքննվելու են նաև «Սուրմալու» տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները: Պահանջվել են տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսություններին վերաբերող բոլոր տվյալները, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը: Իրականացվում է փլատակներից դուրս բերված անձանց մարմինների ճանաչման, նույնականացմանն ուղղված աշխատանքներ: Նաև նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատաձայնագրային, և դատահամակարգչատեխնիկական համալիր փորձաքննություն: Ելնելով այսօրվա խորհրդակցության արդյունքներից՝ Երևան քաղաքի դատախազի կողմից խնդիր է դրվել նշանակելու նաև դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն: Քննության առարկա են բոլոր վարկածները: Այս համատեքստում մամուլում հրապարակված՝ պայթյունի պատճառների, հնարավոր վարկածների վերաբերյալ բոլոր՝ իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները Երևան քաղաքի դատախազի կողմից ուղարկվել են նախաքննական մարմնին՝ դրանց արժանահավատությունը պարզելու, քննության առարկա դարձնելու նպատակով: Քննության ընթացքն ու ստացվող տվյալները սեղմ պարբերականությամբ զեկուցվում են ՀՀ գլխավոր դատախազին, որի կողմից տրվում են հանձնարարություններ: ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության երաշխավորման, կատարված ողբերգության հանգամանքները լիարժեք բացահայտելու հարցում: |