Սոմալիի անվտանգության ուժերը ազատ են արձակել 106 մարդու Մոգադիշոյի «Հայաթ» հյուրանոցից, որը գրավել էին զինյալները։ Այս մասին կիրակի հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը։ Ազատագրվածների թվում կան երեխաներ և կանայք։ Միաժամանակ, գրոհայինների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, հեռուստաալիքին նման տվյալներ է տրամադրել Սոմալիի առողջապահության նախարարությունը։ Այլ աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը կազմում է մոտ 40 մարդ։ Ուրբաթ երեկոյան հյուրանոց են ներխուժել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը մոտ կանգնած «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալները։ Տեղի լրագրողները հայտնել են, որ ազատման գործողությանը մասնակցել են գրոհային անօդաչու սարքեր։ Նշվում է նաև, որ հյուրանոցի գրավման ժամանակ Սոմալիում եղել են հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև երկրի խորհրդարանի անդամներ։ |