ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արցախը պետք է միշտ լինի կանգուն ու հայկական». Արայիկ Հարությունյան
10:12, 02.09.2022 | mamul.am
6392 | 0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական ու վճռորոշ օր: Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ հանրապետության կազմավորման մասին: Պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ, կամքը՝ անկոտրում, ոգին՝ անպարտելի:
Սակայն, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով:
2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդի համար դարձավ մի նոր արհավիրք՝ խլելով մեր հազարավոր քաջազուն որդիների կյանքը, խեղելով բազմաթիվ ճակատագրեր: Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի ու հպարտ հարազատների առջև:
Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է «Լաչինի միջանցքի» նոր երթուղին, որի անվտանգությունը մեր Հանրապետության համապատասխան կառույցների հետ ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Մենք խորապես շնորհակալ ենք մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ մշտապես ցուցաբերվող զորակցության համար, Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախում ստանձնած մեծ առաքելության համար, և բոլոր այն պետություններին, քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք այս բոլոր տարիներին եղել են մեր կողքին՝ հավատարիմ մնալով արդարության, մարդասիրության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին:
Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան:
Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր