ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԿԽՄԿ-ն հիշեցնում է մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պարտավորության մասին
20:24, 13.09.2022 | mamul.am
4714 | 0

Հայաստան/Ադրբեջան․ ԿԽՄԿ-ն հիշեցնում է մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պարտավորության մասին

Ժնև (ԿԽՄԿ)․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին 2022 թ. սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։

«Ռազմական գործողություններ վարելիս անհրաժեշտ է մշտապես ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։ Դա Ժնևի կոնվենցիաները ստորագրած բոլոր կողմերի պարտավորությունն է, - ասել է ԿԽՄԿ գործառնությունների գծով ղեկավար Մարտին Շյուպը։ - Մենք վերահաստատում ենք ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց աջակցելու մեր հանձնառությունը։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք հանդես գալու որպես չեզոք միջնորդ, մասնավորապես՝ այցելել ազատազրկված անձանց, եթե այդպիսիք կան, իսկ կողմերի փոխհամաձայնության և ցանկության դեպքում՝ նաև նպաստել նրանց հայրենադարձմանը։ Բացի այդ, պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների որոնման և դուրսբերման հարցում»։

ԿԽՄԿ-ն հիշեցնում է կողմերին քաղաքացիական և ռազմական գործողություններին մասնակցող անձանց տարբերակման անհրաժեշտության մասին։ Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ խնայելու քաղաքացիական ենթակառուցվածքներն, այդ թվում՝ առողջապահական հաստատությունները և բուժանձնակազմը։ ԿԽՄԿ-ն նաև գնահատում է առկա հումանիտար իրավիճակը՝ տուժած բնակչության հրատապ կարիքներին արագ արձագանքելու նպատակով։

Ծանոթագրություն խմբագիրների համար․

ԿԽՄԿ-ն ներկա է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող իր պատվիրակությունների միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ապրող համայնքներին։ Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում՝ պարզելու անհայտ կորած անձանց ճակատագրերն ու աջակցելու նրանց ընտանիքներին, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես գալիս որպես չեզոք միջնորդ՝ անհրաժեշտության դեպքում աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը։

Մենք սերտորեն համագործակցում ենք Հայկական Կարմիր խաչի և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունների հետ՝ համակարգելով հակամարտությունից ամբողջ տարածաշրջանում տուժած անձանց աջակցությանն ուղղված գործողությունները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր