ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
««Թելեգրամ»-ի ադրբեջանական տիրույթում ստեղծվել են հայերի խոշտանգված մարմինների լուսանկարների Sticker-ներ
16:48, 19.09.2022 | mamul.am
12620 | 1

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Թելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ։ Ստիկերները ստեղծվել են 2022 սեպտեմբերի 14-ին, բայց մենք այն հայտնաբերել ենք սեպտեմբերի 18-ին։

Ստեղծվելուց անմիջապես հետո դրանք դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել և օգտագործել հաղորդակցության ժամանակ։

Մենք արձանագրել ենք 119 լուսանկար, այսինքն՝ 119 sticker, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20,000 ներբեռնում:

Այսինքն՝ 20,000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները «Թելեգրամ»-ի իր հաշվին: Մեզ աջակցող մասնագետի ջանքերով՝ այդ հնարավորությունը «Թելեգրամ»-ը փակել է, բայց ակնհայտ է, որ այս նոր գործիքն ադրբեջանական հարթակներն օգտագործելու են հայ հասարակությանն ահաբեկելու, ծաղրելու նպատակով:

Sticker-ներում օգտագործվել են վայրագությունների լուսանկարներ, որոնք տեղի են ունեցել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ:

Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ ադրբեջանական օգտատերերը, որոնք ներբեռնել են այդ լուսանկարները, մեծ ցնծությամբ են ընդունել հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգումների, մարմինների մասնատումների լուսանկարները՝ դրանք առօրյա հաղորդակցության, տարբեր քննարկումների ժամանակ օգտագործելու հնարավորության համար:

Այս հանցավոր արարքը ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներով հովանավորվող հայատյացության քաղաքականությունը խորն արմատավորվել է ադրբեջանական հասարակությունում և ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրության կոչերն ուղղակի շղարշ են միջազգային հանրության աչքերի համար, որով թաքցնում են իրենց իրական մտադրությունները»։

««Թելեգրամ»-ի ադրբեջանական տիրույթում ստեղծվել են հայերի խոշտանգված մարմինների լուսանկարների Sticker-ներ
Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր