3 երեխաների մայր Անուշ Ապետյանը 2 տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։ Անուշն ամեն ինչ սկսել է ՈՄԱ հաճախելուց, որտեղ լավագույն 7 դիպուկահարների շարքում է եղել, անդամագրվել «ԱՏԱՆ» ջոկատին, իսկ հետո ծառայության անցել Ջերմուկում։ Հայրն ասում է` 2020-ի հուլիսի տավուշյան էսկալացիայի ժամանակ Անուշը ոտքից վիրավորվել էր, սակայն մինչ այդ վիրավորներից մեկի կյանքն էր փրկել` ռիսկի դիմելով և նրան դիրքերից իջեցնելով։ Ընտանիքով արդեն որոշել էին` Սեդան միջազգային հարաբերություններ բաժնում է սովորելու, 14-ամյա եղբայրը զինվորական վարժարան էր գնում, քանի որ պետք է զինվորական դառնար, իսկ փոքրիկ Ժակն էլ մոր ազդեցությամբ ասում էր` իրավաբան է դառնալու։ Սեդայի խոսքով` մայրը կատարում էր բոլոր խոստումները։ «Երբ պատերազմը սկսվեց, մաման մեզ հետ էր, քանի որ սեպտեմբերի 24-ին նոր միայն պետք է դիրքեր բարձրանար։ Միասին նկուղ գնացինք, իսկ հետո նրա մարտական ընկերներից եկան ու մեզ Եղեգնաձոր տարան։ Երեքիս համբուրեց ու ասաց` կսպասեք ինձ, անպայման հետ եմ գալու։ Ու հետ չեկավ... Միայն էս խոստումը չկատարեց»,–ասում է աղջիկը, և աչքերն արցունքոտվում են։ Իրավիճակը փրկում է Անուշի եղբայրը` Գեղամը, որը զրույցի ընթացքում միացել էր մեզ ու լուռ նստել։ Նա սկսում է պատմել կռվի մասին` ասելով, որ Անուշը կարող էր դիրքեր չբարձրանալ, քանի որ 3 անչափահաս երեխա ուներ խնամքին, սակայն պնդել է, որ պետք է մարտական ընկերների կողքին լինել։ Իսկ այն տարածքում, որտեղ կռվել է Անուշը, կատաղի մարտեր են ընթացել։ Ավելին` բանը հասել է նրան, որ մերձամարտ է սկսվել։ Անուշին ասել են` իջնի դիրքից, բայց պատասխանել է` որտեղ ընկերները, այնտեղ էլ ինքը։ Այդ ընթացքում Անուշն իր դիպուկ կրակոցներով ոչ միայն իր գործն է արել, այլ նաև զոհված զինվորներից մեկի մարմինը ներքև է իջեցրել և կրկին գնացել դիրք։ «Մարտական ընկերներն ասում են` Անուշը տեսակով խելառ էր ու էդպես էլ մնաց մինչև վերջ։ Քանի որ թշնամին չի կարողացել դիրքը «բլիժնի բոյով» վերցնել, հրետակոծություն է սկսվել, ինչի հետևանքով էլ զոհվել են Անուշն ու իր ջոկատից Սամսոն Կոստանդյանը։ Երկուսի մարմինն էլ անմիջապես իջեցրել են ներքև։ Այդ դիրքը, ի դեպ, այժմ մեր վերահսկողության տակ է»,– ասում է Գեղամը։ Անուշի եղբայրը հերքում է նաև սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե քրոջը գերի են վերցրել, մարմինը խոշտանգել։ Գեղամն ասում է` ճիշտ է, Անուշի մարմինը արկի պայթյունից անճանաչելի էր դարձել, բայց դին խոշտանգման չի ենթարկվել։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |