ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թե՛ Օսկանյանը, և թե՛ Ղազինյանը չեն խորշում հերթական արդարացումը հրամցնել «եղբայրական» Ադրբեջանին»․ Ա․ Ջուլհակյան
20:48, 24.09.2022 | mamul.am
4935 | 3

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի գրառումը․ «Քոչարյանական շրջիկ թափառախումբը վերջին երկու տարիներին լծված էր Ադրբեջանի 2020թ․ի սանձազերծած պատերազմը արդարացնելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությանը, պատերազմ հրահրելու հարցում մեղավոր կարգելու «նվիրական» գործին՝ ի թիվս այլ անհեթեթությունների նաև պնդելով, թե Ադրբեջանը ստիպված է եղել հարձակվել, քանզի իբր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանակցությունները սկսում է սեփական կետից։ Հիմա այս նույն խմբակը, ի դեմս քոչարյանական աբոզի կարկառուններ Վարդան Օսկանյանի և Արթուր Ղազինյանի, պնդում է, որ օր առաջ պետք է իշխանափոխություն լինի, պետք է փոխել բանակցողին, որպեսզի նոր բանակցողը սկսի սեփական կետից՝ այդպիսով հետաձգելով հնարավոր պատերազմը։ Տրամաբանությո՞ւն։ Չէ՛, չենք լսել։
Այո-այո՛, նույն այն Օսկանյանը, որը տակավին սույն թվականի օգոստոսի 30-ին հրապարակած իր հոդվածում գրել էր, որ 2020-ին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Փաշինյանի՝ սեփական կետից բանակցությունները սկսելու պատճառով, ընդամենը 18 օր անց պնդում է, որ պետք է բանակցողին փոխել, որ վերջինս բանակցությունները սկսի սեփական կետից, որ պատերազմ չլինի։
Թե՛ Օսկանյանը և թե՛ Ղազինյանը չեն խորշում նաև հերթական արդարացումը հրամցնել «եղբայրական» Ադրբեջանին արդեն վերջին ագրեսիան սանձազերծելու համար։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա սեպտեմբերի 13-ի հարձակումը վերջիններս արդարացնում են մի «անմեղ» ենթադրությամբ, որ Ալիևը թերևս հարձակվել է, քանի որ Փաշինյանի կողմից նրան ենթադրաբար տրվել են բանավոր խոստումներ։ Դե խեղճ Ալիևն էլ ի՞նչ աներ։ Ստիպված հարձակվել է։ Ըստ Օսկանյանի՝ կաշկանդված են նաև այդ ենթադրյալ «բանավոր խոստումներին» ներկա գտնված կողմերը։ Ի՞նչ խղճով միջամտեն։ Ըստ այդմ՝ բոլոր կողմերի գործողությունները և/կամ անգործությունն արդարացված է, բացի Հայաստանից։ Մեղավոր է Հայաստանը։ Ագրեսիայի ենթարկված Հայաստանը։
Տրամաբանական շղթաներ կառուցելու մեծ վարպետ Օսկանյանը նաև հերթական անգամ խոսում է իշխանությունների՝ « դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մասին տարրական գիտելիքներից շատ հեռու» լինելուց՝ ընդգծելով բանակցային գործընթացում իր երկարատև փորձը։ Այստեղ իհարկե կարելի էր հիշել, որ թերևս այդ բազմամյա լրջագույն փորձի շնորհիվ էր, որ 1999 թվականին հոկտեմբերի 27-ից հետո ստորագրվեց Ստամբուլյան խարտիան, որով փաստացի ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բազմամյա փորձի շնորհիվ էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքի հարցը վերածվեց պրիմիտիվ տարածքային վեճի, այդ փորձի շնորհիվ էր, որ բանակցվեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում նախատեսող Ընդհանուր պետության տարբերակը, այդ փորձի շնորհիվ էր, որ պատրաստակամություն հայտնվեց փոխանակել Մեղրին Լեռնային Ղարաբաղով, և վերջապես այդ բազմամյա փորձի շնորհիվ էր, որ համաձայնեցվեցին Մադրիդյան սկզբունքները՝ ամրագրելով ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման շրջանակներում։ Փորձ մի ասա, փորձանք ասա։ Բայց էդ հիշողությունները թողնենք մեկ այլ առիթի համար։
Իսկ իրականությունն այն է, որ ոչ միայն մեծարգո Օսկանյանի, այլ, առհասարակ, այս խոսույթի հիմնական հեղինակների և առաջ մղողների նպատակն այն է, որ այս կոնֆլիկտը չստանա լուծում, հավերժ շարունակվի, իրենք էլ, նման լոլոներ կարդալով, անընդհատ փորձեն խաբել մեր ժողովրդին՝ նորանոր աղետներ բերելով մեր երկրի, մեր ժողովրդի գլխին։ Բայց մեր հանրությունն այլևս առաջվա միամիտը չէ, և մարած պարտատոմսի վերածված հարգարժան տիկնանց և պարոնների պիտանելիության ժամկետն անցած այս լոլոներն այլևս դատապարտված են անտեսման»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր