«Անկախ դիտորդը» 49 խմբերով (մոտ 100 դիտորդ) դիտարկում է տարբեր մարզերում ընթացող ՏԻՄ ընտրությունները։ Ստորև՝ դրանցից մի քանիսը. Ակունքի 28/1 ընտրատեղամասում նկատվում են մարդկանց ու մեքենաների կուտակումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Համախմբում» դաշինքի (ԲՀԿ) վստահված անձանց գլխավորությամբ, որոնք, ըստ ամենայնի, ուղղորդում են ընտրողներին: Տեղում են նաև շուրջ 10 ոստիկաններ: Կուտակումների մասին դիտորդների ահազանգից հետո ոստիկանները փորձել են ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել, բայց կուտակումները շարունակվում են: *** Ճամբարակի 20/15 ընտրատեղամասում քվեախցիկներում չեն եղել ավելորդ քվեաթերթիկներ, ինչը պարտադիր է քվեարկության գաղտնիության ապահովման համար: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դրա կարիքը չի եղել: *** Ալավերդիի 24/19 ընտրատեղամասում խնդիրներ կան քվեարկության գաղտնիության հետ կապված, քանի որ հանձնաժողովի նախագահի աշխատասեղանը գտնվում է քվեախցիկներին շատ մոտ: *** Ալավերդիի 24/17 ընտրատեղամասում (Սանահին) հանձնաժողովի անդամները փորձել են խոչընդոտել դիտորդի աշխատանքը այն բանից հետո, երբ վերջինս բարձրաձայնել է վստահված անձանցից մեկի կողմից վկայական չկրելու մասին: *** Բյուրեղավանի 28/11 ընտրատեղամասում դիտորդները նկատել են դեպքեր, երբ ընտրություններին մասնակցող քաղաքացիները հատուկ կերպով ծալել են քվեաթերթիկների ծրարները՝ միաժամանակ «աչքով անելով» «Արդար Հայաստան» կուսակցության վստահված անձին: |