ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Հայաստանում կա՛մ կհաղթի պետական մտածողությունը, կա՛մ Ալիևը». Վահե Հովհաննիսյան
17:30, 26.09.2022 | mamul.am
2100 | 1

Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։

Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ

Ի՞նչ անել. եթե մի կողմ ենք դնում չորեքթաթ հանձնվելու կամ մինչև վերջին հայը կռվելու- մեռնելու ծայրահեղ-ինֆանտիլ կոչերը, ապա ռացիոնալ, պետական մտածողության տեսակետից մեզ մնում է մեկ բան՝ Հայաստանում ունենալ տեսանելի, հնարավորինս սահուն փոփոխություններ։ Նշանակում է՝ նոր բանակցային կոնցեպտ, նոր բանակցող, ինչը կբերի պատերազմի հավանականության էական նվազման։

Փոփոխության տարբերակները

1. Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Հանրային ճնշման և աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնութունը ձևավորում է նոր կառավարություն։ Սա հնարավորություն է տալիս հանրային գրագետ-առողջ շրջանակների հետ աշխատանքային նոր ձևաչափերով, նոր գաղափարներով մշակել բանակցային նոր կոնցեպտ, վստահության վրա ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ և նոր թափ հաղորդել խաղաղ բանակցություններին։
2. Փոփոխություններ հանրային-փողոցային ուժեղ ճնշմամբ. ԱԺ մեծամասնությանը ուղղակի պարտադրել որևէ թեկնածուի։
3. Փոփոխություններ՝ անկառավարելի փողոցի, քաոսի միջոցով, ինչի արդյունքում որևէ պատահականություն կարող է իշխանություն վերցնել։

Հաշվի առնելով ժամանակի սղությունը, միջազգային հարաբերությունների՝ այս պահի գերլարված բովանդակությունը և մեր շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ ամենաընդունելի տարբերակն առաջինն է։ Սրան հասնելու համար պետք է տարվի արագ, գրագետ կազմակերպչական, ոչ եսակենտրոն աշխատանք՝ ներառելով երաշխիքների ու աշխատանքային կոմունիկացիաների պարտադիր պայմանը։
Վատագույն տարբերակը երրորդն է, որը ոչ մի լավ բան չի խոստանում։ Երկրորդ տարբերակը՝ առաջինի շուրջ կոնսեսուսի չգալու պարագայում, միակ ռացիոնալն է։

Ի՞նչ ասել է նոր կոնցեպտ

Այն պետք է ներառի ստորագրված թղթերի և բոլոր բարդ հարցերը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու՝ Հայաստանի հանձնառությունը։ Այն պետք է բացառի արկածախնդիր քայլերը այն անվտանգության համակարգի հանդեպ, որում Հայաստանը գտնվում է՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ և ՀԱՊԿ։
Հայաստանը պետք է կարողանա իր այս դիրքորոշումը հասկանալի և ընդունելի դարձնել Արևմուտքում՝ հաշվի առնելով իրական հողի վրա առկա իրական պատկերը։
Այսօրվա՝ ծայրահեղ բարիկադավորված աշխարհում Հայաստանի համար մահացու վտանգ է՝ հայտնվել գերտերությունների շահերի բախման տիրույթում։
Մեր անելիքը դրա ուղիղ հակառակն է. մեր վիճակն այնպիսին է, որ մենք պետք է լուծենք բոլոր կողմերից ընկալված լինելու բարդագույն խնդիրը։ Մենք պետք է լուծենք խնդիրը, որ Արևմուտքը ըմբռնումով վերաբերվի մեր՝ այլ անվտանգային համակարգում լինելու փաստին կամ մեր և Իրանի խորացված հարաբերություններին, այնպես ինչպես և ՌԴ-ն ընմբռնումով վերաբերվի մեր և Արևմուտքի լավ հարաբերություններին՝ գոնե այն պատճառով, որ մեր ժողովրդի շուրջ կեսն ապրում է այնտեղ։
Նկարագրվածը շատ բարդ խնդիր է, բայց՝ միանգամայն լուծելի։ Մանավանդ, որ 27 տարի այս կամ այն հաջողությամբ դա կարողացել ենք անել։ Անելիք շատ կա, բայց մինչ այդ պետք է ձևակերպենք մեր ընտրությունը. Հայաստանում կա՛մ կհաղթի պետական մտածողությունը, կա՛մ Ալիևը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր