Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծեց արցախյան 44-օրյա արյունալի պատերազմը` թուրքական զինված ուժերի, ինչպես նաև վարձկան ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ: Այս պատերազմն առաջինից մինչև վերջին պահն ընթացավ Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերումներով, Հայաստանի նկատմամբ հարձակումներով, այն պատճառ դարձավ տասնյակ հազարավոր տեղահանվածների ու մարդկային ճակատագրերի խեղումների, հազարավոր զոհերի, այդ թվում` սպանվեցին խաղաղ բնակիչներ, բազմաթիվ խոշտանգումների, տանջանքների ու այլ վայրագությունների: Ցավոք, պատերազմից հետո այս արհավիրքի վտանգը սաստկացել է, քանի որ չի վերացել մեր Հայրենիքը ոչնչացնելու ադրբեջանական-թուրքական նպատակը: Դա ապացուցվեց 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի նկատմամբ նոր հարձակումներով ու պատերազմական նոր հանցանքներով: Բայց հանուն այս կենսական վտանգների դեմ պայքարի, հանուն մեր սեփական իրավունքների ու մեր Հայրենիքի` պետք է լինենք համերաշխ առավել քան երբևէ և վերացնենք պառակտումը: Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայրենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին: Հրեշավոր պատերազմական հանցանքերի, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան հանուն Հայրենիքի՝ խաղաղ ու զարգացող երկիր, ամուր պետականություն ունենալու երազանքով»: |