ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մեզ պետք չէ մտնել «դեմոկրատայի» և «ավտորիտարիզմի» համաշխարհային պայքարի մեջ». Արտակ Զաքարյան
10:20, 28.09.2022 | mamul.am
2197 | 0

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանը՝ «դեմոկրատիայի» և «ավտոկրատիայի» պատերազմի արանքում

Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ գլխավորությամբ, նոր աշխարհակարգի ճարտարապետության նախագծման պլանով, փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրներ: Ռուսաստանն ու Չինաստանը, նույն նպատակից ելնելով (Արևմտյան գերակայություն թույլ չտալու և բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու պլանով), նույնպես փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրների:

Աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների արժեքներն ու կոշտ պայքարի հիմքերն ապահովելու համար Արևմուտքը սահմանել է հակադրության պարզ, բայց պայմանական սիմվոլիկա. «դեմոկրատիայի» պայքարն «ավտոկրատիայի» դեմ, կամ «ավտոկրատիայի» պայքարը «դեմոկրատիայի» դեմ:

Այս պայմանական տարանջատման առջև կանգնած են գրեթե բոլոր երկրները: Իսկ ձևավորվող բևեռների միջև պայքարը տարվում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, մշակութային և այլն:

2020-ից հետո Հայաստանն այս ընտրության առջև է և հայտնվել է անվտանգային ծանր սպառնալիքների մեջ: Վտանգը, որի առջև հայտնվել են ապաշնորհ և դավադիր իշխանությունները՝ հայ ժողովրդին սպառնում է գոյաբանական իմաստով: Պայմանականորեն «դեմոկրատիայի» ճամբարը, իր շահերից ելնելով, ի վիճակի չէ լիարժեք կանխել հայ ժողովրդին վրա հասած ֆիզիկական սպառնալիքները: Իսկ պայմանական «ավտոկրատիայի» ճամբարը Հարավային Կովկասում ունի կայունության և հարաբերական խաղաղության պահպանման իր տեսլականը: Մեզ համար սխալ կլինի այն, որ թշնամու ագրեսիայի դեմ պայքարում մենք ստիպված մտնենք ավելի գլոբալ ու բազմաշերտ պատերազմի մեջ, որտեղ մեզ օգտագործելու են՝ հաճախ ի վնաս մեր երկարատև անվտանգային շահերի: Եթե կուզեք ավելի պարզ, ապա մեզ ձեռնտու չէ, որ պայմանական «ավտոկրատիան» պարտվի կամ նահանջի այս պայքարում:

Երբ Ռուսաստանը մի փոքր նահանջ ունեցավ Ուկրաինայում, Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես օգտվեցին իրավիճակից և հարձակում գործեցին Հայաստանի սահմանների վրա:

Ռուսաստանը շարունակում է մնալ մեր գործընկերն ու ռազմավարական բնական դաշնակիցը: Այլընտրանքը լինելու է այն, որ մեզ առաջարկելու են թշնամու դեմ կռվելով մեր կենսական շահերի համար, միանալ նաև մեր ռազմավարական դաշնակիցի դեմ տարվող գլոբալ պատերազմին: Նման հեռանկարը մեզ սպառնում է ոչընչացման՝ զոհաբերման միջոցով:

Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեր կապիտուլյանտների արկածախնդիր գործողությունները հմտորեն օգտագործում են մեր դեմ: ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանից հեռանալու և նմանատիպ կոչերը բխում են ՀՀ-ում գործող նեղ խմբակային խնդիրներից, բայց ոչ հայ ժողովրդի միասնական շահերից:

Ռուսական խաղաղարար առաքելությունը վերահսկում է Արցախում առկա իրավիճակը: Ռուսական զորամիավորումները կանգնած են Հայաստանի տարբեր հատվածներում, և առնվազն կարողանում են լուծել իրենց նվազագույն խնդիրները: Պաշտոնական Մոսկվայի քաղաքական ազդեցությունն ի վիճակի է կանխել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները: Այս իրավիճակում մեզ համար խիստ անցանկալի են հակառուսական տրամադրությունների սերմանումները: Եթե Հայաստանի իշխանությունները, իրենց անվստահելի տեսակով չեն կարողանում դաշնակցի և մյուս գործընկեր պետությունների հետ լիարժեք անկեղծ և կայուն քաղաքականություն վարել, դա դեռևս չի նշանակում, որ հայ ժողովուրդը պետք է գնա նիկոլիզմի արկածախնդրությունների հետևից և վտանգի իր փխրուն ապագան:

Մեզ պետք չէ մտնել պայմանական «դեմոկրատայի» և «ավտորիտարիզմի» համաշխարհային պայքարի մեջ, հատկապես, որ այն երկարատև է և բազմաբնույթ: Դա մեր կռիվը չէ: Մեր կռիվը մեր պետության անվտանգության և տարածքային ամբողջականությունը պահպանելն է և արժանապատիվ խաղաղությունը չսակարկելը: Դրա համար մեզ անհրաժեշտ է համազգային համախմբում և մեր Զինված Ուժերի առավելագույն ամրացում:

Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան և մյուս երկրները պետք է տեսնեն, որ Հայաստանը և հայ ժողովուրդը պատրաստ է իր անվտանգության համար խելացի, հետևողական և վճռական պայքար մղել: Դա մեր գոյության ամենաամուր երաշխիքն է: Այդ պարագայում մեզ չեն փորձի օգտագործել գլոբալ խաղերի մեջ և չեն փորձի մեր կենսական շահերի հաշվին այլ մակարդակներում պայմանավորվածություններ ձեռք բերել:

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, որն այսօր կրկին ձեռք է բերել աշխարհաքաղաքական նշանակություն: Այն նաև Հայաստանն ու Արցախը սնուցող կարևորագույն հանգույց է, որը երբեք չպետք է վտանգվի»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր