ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ուշադրության արժանի որոշակի երանգներ կան». Հակոբ Բադալյան
17:18, 28.09.2022 | mamul.am
4603 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Նկատեմ, որ Ռոբերտ Քոչարյանի թերևս ամենահաջողված և հավասարակշռված հանրային ելույթն էր: Սա բոլորովին չի նշանակում, որ ինքս համաձայն եմ արտահայտված բոլոր մտքերի հետ: Ամենևին: Միաժամանակ, կան ուշադրության արժանի որոշակի երանգներ:

Ընդհանուր առմամբ, մի կողմ եմ թողնում վիճելի, հակասական, նաև տեղ-տեղ մանիպուլյատիվ, տեղ-տեղ վերացական շերտերը և դուրս եմ բերում ինձ համար այս պահի դրությամբ կոդային ասպեկտը:

Չի մերժվում նախկին նախագահների և Կաթողիկոսի ձևաչափով աշխատանքի և քննարկումների անհրաժեշտությունն ու աշխատանքը շարունակելը: Այդ համատեքստում առանցքայինը՝ փաստացի ընդունվում է որոշակի քայլերի, առաջարկների շուրջ նաև Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցության հնարավորությունը: Ընդ որում՝ նկատենք՝ ամենևին ոչ միայն աներկբա իշխանափոխության, այլ իրավիճակի փոփոխության առաջարկների ընդհանրապես: Միաժամանակ հստակ նշվում է, որ առաջարկ սպասում են իշխանությունից:

Սա տրամաբանական է, օրինաչափ, որովհետև կա երկու պատճառ: Նախ, իրավիճակին ու մարտահրավերներին ամբողջապես ծանոթ է իշխանությունը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, և հետևաբար թերևս ամենալավը հենց նա է պատկերացնում, թե, օրինակ, ինչ տրամաբանությամբ և մեխանիզմով է հնարավոր օգտագործել երկրում եղած որևէ ռեսուրս, այդ թվում՝ նախկին նախագահների ռեսուրսը:

Երկրորդ՝ տասնամյակով քայքայված հասարակական-քաղաքական հարաբերությունների համակարգում, որը կրիտիկական աստիճանի հասավ պատերազմի պարտությունից հետո, հնարավոր չէ համատեղ աշխատանքի հարց լուծել բարի ցանկությունների կամ ազգանպաստ, հայրենասիրական հռչակագրերի մակարդակում, առավել ևս հասկանալով արտաքին բարդագույն իրավիճակի ազդեցությունը ներքին իրողությունների վրա: Հետևաբար պարզ է, որ աշխատանքը պահանջելու է բարդ քննարկումներ թե՛ հենց նախկին նախագահների միջև, թե՛ նրանց ու գործող վարչապետի, և նրանցից յուրաքանչյուրի ու գործող վարչապետի միջև:

Կրկնեմ, Ֆեյսբուքում յուրաքանչյյուրն ազատ է երկրպագել կամ ատել ում որ կուզի, իսկ հետո պաշտել թշնամու հերթական ագրեսիան հետ մղելու համար կյանքը տված մեր զոհերին, ու անցնել այդ ամենի համար մեղավոր փնտրելու ավանդական գործին, դարձյալ՝ ըստ ճաշակի և հայեցողության, հիմնականում:

Այս գրառումս այդ զբաղմունքի հակվածության համար չէ: Մեր շուրջ ծանրագույն վիճակ է, որի բարդությունը լրահոսը ոչ միայն չի արտահայտում բավականաչափ, այլ նույնիսկ ստեղծում է խաբկանքային նախադրյալներ:

Մինչդեռ այդ ամենի համար պատասխանատվությունն իշխանության, առաջին դեմքի վրա է, որն էլ գործնականում ունի Հայաստանի եղած-չեղած ռեսուրսով մանևրելու կենսական անհրաժեշտությունը:

Այդ իմաստով նշմարվեց նվազագույն դրականության ուրվագիծ, որ կա ծանր փուլում գոնե միմյանց լսելու պատրաստակամություն: Որքան կշարունակվի այն ու ինչով կկավարտվի, ասելը շատ բարդ է: Բայց, չունենք թե՛ ժամանակ, թե՛ այդ իրավիճակից առավելագույնը քամելու այլընտրանք:

Հ. Գ. Ընդգծեմ, Ռոբերտ Քոչարյանի, և որևէ նախկին ու ներկա առաջին, երկրորդ, երրորդ, տասներորդ դեմքի մասին որևէ գնահատականի, անցյալի մասին որևէ հարցադրման և հիշեցման ինքս ծանոթ եմ ու անհրաժեշտության դեպքում կհիշեցնեմ որևէ մեկից ոչ վատ: Բայց այսօր իմ խնդիրն այն է, որ մենք անենք առավելագույնը՝ վաղը նոր զոհված հերոսներ հիշելու անհրաժեշտություն ու առիթներ չունենալու համար:

Դուք կարող եք ունենալ իրերի դրության վերաբերյալ բոլորովին այլ կարծիք, և լինել ինձանից իրավացի: Միայն խնդրում եմ այդ կարծիքները չծավալել այստեղ, ժամանակն ու տեղը չէ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր